Lավատեսություն չունեի, որ Ադրբեջանը հավատարիմ է լինելու ստանձնած պարտավորություններին. Կորյուն Նահապետյան
Ադրբեջանական զինուժի կողմից «Սպայկ» հրթիռների և ականանետերի կիրառումը խորը անհանգստություն է առաջացնում։ Պետք է դատապարտել վարքագիծը, որ դրսևորում է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հատկապես Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Կողմերը պայմանավորվեցին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո ձեռնարկեց հակառակ գործողություններ։ Նա ավելի շատ փորձում է լարել իրադրությունը։ Իհարկե, մենք շատ զգոն պետք է լինենք։ Անկեղծ ասած՝ ես լավատեսություն չունեի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է լինելու իր ստանձնած պարտավորություններին։ Նա նախկինում ևս բազմիցս նման խախտումներ է կատարել։ Ուրեմն, մենք պետք է ապավինենք մեր զգոնությանը և հետևողական աշխատանք տանենք միջազգային հարթակներում»,- ասաց պատգամավորը։
Կորյուն Նահապետյանը նաև հավելեց՝ առաջիկա զարգացումները ցույց կտան՝ ադրբեջանական կողմից «Սպայկի» կիրառումը զուտ մարտավարական հնարք էր, թե այդ երկրի քաղաքական ղեկավարության վերահսկողությունից դուրս եկած գործողություն։ Վերջինի առնչությամբ պատգամավորը թերահավատություն հայտնեց։
«Մենք պետք է հակառակորդին հասկացնենք, որ այս հակամարտությունը ռազմական հանգուցալուծում չունի։ Յուրաքանչյուր նման դեպքում, երբ պայմանավորվածություն է խախտվում, պետք է հստակ արձագանքել։ Կարծում եմ՝ մեր արտաքին գերատեսչական և պաշտպանական գերատեսչությունները այս փաստը խելամտորեն կօգտագործեն»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
- ՀՀ Նախագահի խոսնակ. Բանակցություններն ավարտվեցին
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան