«Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և 3 հիմնական նպատակ է հետապնդում՝ համապատասխանեցում բարեփոխված Սահմանադրությանը, դաշտի վերանայում և նոր քաղաքականության ներդրման հիման վրա օրենքի առաջադրում:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն իր հերթին նկատեց՝ ըստ նոր նախագծի՝ պատերազմական գործողությունների ժամանակ Հանարապետության գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, սակայն որոշ հարցեր թողնվում են ՊՆ-ի վրաև հետաքրքրվեց. «Որո՞նք են այդ հարցերը»:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ պատերազմի ժամանակ բոլոր լիազորությունները վերապահված են գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող վարչապետին, իսկ բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորում վարչապետի կողմից, հասցեագրվում են ՊՆ-ին:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց զորակոչի փոփոխությունների մասին: Նա հիիշեցրեց, որ նոր օրենքի շրջանակներում համակարգային փոփոխություններ են տեղի ունենալու մասնավորապես զինվորական կոմիսարիատներում, որոնք Գլխավոր շտաբից փոխանցվելու են Պաշտպանության նախարարության գերակայության ներքո:
ՀՀ պաշտպանության նախարարը ասաց, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին լայն մոտեցում է նախատեսում:
«Քաղաքացին, մինչև երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական անձ է, և իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին»,-մեկնաբանեց նա` հաելելով, որ Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգն այս պահին արդեն պատրաստ է:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ հայեցակարգը նախատեսում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում։
«Նախատեսվում է տեղական և տարածքային մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան