Գյուղեր, ուր տղամարդը «Նոր տարվա լիմոնադ» է
«Մենակ եմ ապրում, տղաս ընտանիքի հետ Ռուսաստանում ա, աղջիկս էլ՝ Երևանում». տատը գոգնոցի ծայրով սրբում է թաց աչքերը, դանդաղ ու ծանր քայլելով գնում մութ, խունացած պատերով սենյակի խորքն ու վերադառնում կոնֆետները ձեռքին:
«Տատ»,- ուզում եմ ինչ-որ բան ասել, բայց անզոր եմ շարունակել, կոկորդս խեղդվում է ու ամաչելով իմ արցունքներից, փորձում եմ լուսանկարել բարի աչքերով կնոջը:
Ծեր կինը խնդրում է ոչ մի տեղ չհրապարակել իր լուսանկարը: Խոստանում եմ ու կոնֆետներն ափիս մեջ սեղմելով դուրս եմ գալիս տատի տանից:
Մինչև հիմա չեմ մոռանում թաց ու բարի աչքերը:
Գյուղերում կան փողոցներ, որտեղ ծայրից ծայր կողպված դռներ են, որոնք գուցե երբևէ չեն բացվելու:
Գյուղեր էլ կան, որտեղ տարվա մեծ մասը հիմնականում կանայք են, ծերերն ու երեխաներ: Տղամարդիկ դրսում են՝ խոպանում: Աշնանը վերադառնում են, գարնանը՝ գնում: Նրանք իրենց երեխաների մեծանալը տեսնում են սկայպով, հայրական խրատն էլ տալիս համացանցի միջոցով:
Տավուշ, Ոսկեպար. կանայք սպասում են...
Բեգլարյանների տղան նույնպես Ռուսաստանում է: Արևհատ Բեգլարյանն ասում է, դժվար է ապրելը, աշխատանք չկա, իսկ սահմանապահ գյուղում մարդիկ պետք է առաջինն աշխատանք ունենան:
«Թե Ռուսաստանում աշխատանք ա լինում՝ աշխատում ա, թե չի լինում՝ կիսատ-պռատ հետ ա գալիս: Մեր հիմնական եկամուտը մեր հողն է, անասունները»,- ասում է Արևհատ տատը:
Կոստանդյանների տղան նույնպես մեկնել է արտագնա աշխատանքի: Նրանք էլ շատերի նման սպասում են Ամանորին` երբ տղամարդիկ կվերադառնան Ռուսաստանից:
«Եթե գյուղում աշխատանք լինի, որևէ մեկը Ռուսաստան չի գնա: Առաջինը գյուղերին՝ հատկապես սահմանապահ, պետք է ուշադրություն դարձնեն, բա էս էրեխեքը մեղք չե՞ն: Հերը իրանց մեծանալը սկայպով ա տեսնում»,- ասում է տիկին Սոնյան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում