Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
Մեկ տարի է անցել բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանի մահվանից: Նրա ընկերները շարունակում են տարբեր միջոցառումներ, ծրագրեր իրականացնելով՝ վառ պահել Սևանի հիշատակը, այդպես փորձելով նաև իրենց կարոտն առնել լավ ընկերոջից ու լավ արվեստագետից:
Նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը ստեղծել է «Սևան ջան» աշխատանքը:
«Նկարչուհի ու հրաշալի մարդ` Սևան Նագաշյանի նկարների կենդանացման փորձն է այս «Սևան ջանը», իսկ ստեղծվել է մեծ կարոտից, որը չի անցնում ...
Մի տարի անցավ նրա մահից»,- Panorama.am-ին ասաց Նաիրա Մուրադյանը:
«Սևան ջան»-ը Ն. Մուրադյանն արել է 3 օրում, օգտագործել է «Շողակաթ» ընկերության Սևանի մասին տեսանյութի ձայնը:
Սևան Նագգաշյանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմի ժառանգն է:
Սեբաստիա-Երուսաղեմ-Բեյրութ. այս ճանապարհն անցնելով է Սևանի պապը փրկվել ցեղասպանությունից ու հաստատվել Բեյրութում, որտեղ էլ հայտնի գրող, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքում 1968թ. նոյեմբեր 27-ին ծնվել է Սևանը:
Սևան Նագգաշյանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում (1986-1992 թ.թ.), որտեղ ևս երեք տարի շարունակել է ուսումն ու մասնագիտացել կերպարվեստի մեջ: 2009-2011 թ.թ. ուսումնասիրել է Եվրոպայի արվեստի աշխարհն ու թանգարանները: Ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Սևանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր և պետական հավաքածուներում:
Սևանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում, ինչպես նաև Մոնրեալի անիմացիայի գլխավոր ստուդիաներում:
Հիշարժան ֆիլմերից են Սիլվեն Շոմեի «The Old Lady and the Pigeons»-ը և «The Belleville Triplets»-ը, Ռուբեն Հախվերդյանի երկու երգերի մուլտֆիլմերը («Զատիկ» և «Օրոր») և «Զատիկ» DVD-գրքի ձևավորումը: Անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպման ակտիվ մասնակիցներից է, եղել է ժյուրիի անդամ։
2014 թ. կազմակերպել և համադրել է «Արվեստը` սահմանին» ցուցահանդեսը, որի նպատակն էր Վազաշենի խնդիրները ներկայացնելով` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի հիմնահարցի վրա:
Հարակից հրապարակումներ`
- «1 տարի առանց Սևանի երկրային ներկայության»
- Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»
- Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան