Երիտասարդները պետք է գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ․ Կորյուն Նահապետյան
Քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով զինվորական տարկետման վերացման օրինագծի դեմ պայքարող երիտասարդ գիտնականների դժգոհություններին:
«Այն, որ գիտության զարգացման բնագավառում ունենք նաև համակարգային խնդիրներ, խոսել ենք տարբեր առիթներով: Միայն այս համատեքստում չէ, որ պետք է անդրադառնանք գիտությանն առնչվող խնդիրներին: Կարծում եմ, որ համակարգային լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն երիտասարդ գիտնականների համար, որ նրանք շահագրգիռ լինեն գիտությամբ զբաղվել»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Պատգամավորը շեշտեց՝ ասել, որ զինվորական ծառայության նոր համակարգ ներդնելով՝ գիտությանը վնաս է հասցվելու կամ ասել, որ խաթարվելու է երիտասարդ գիտնականների՝ գիտությամբ զբաղվելու մղումը, մեծ հաշվով չափազանցություն է:
«Մենք պետք է մտածենք՝ ինչպես անենք, որ երիտասարդներն իսկապես գիտությամբ զբաղվեն, ոչ թե պսևդոգիտությամբ: Գիտությունների թեկնածու դառնալը չպետք է լինի նպատակ, երբ իրական գիտությամբ զբաղվելու ցանկություն չկա: Մեր իրականության մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր ատենախոսական թեզեր են պաշտպանել, գիտական աստիճան ստացել, բայց գիտությամբ չեն զբաղվում: Հետբուհական ու ակադեմիական կրթության մեջ լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ երիտասարդների առաջարկներն ընդունվեն, Նահապետյանը չբացառեց, նա նշեց, որ իրենք դեռ կշարունակեն հարցը քննարկել, «այնպես չէ, որ վերջակետ է դրված»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները