«Գրքասեր»-ում արդեն հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ կա
Նախորդ տարի նոյեմբերից գործում է www.grqaser.org հայերեն լեզվով անվճար աուդիոգրքերի կայքը: Կայքն այս պահին իր մեջ պարունակում է հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ:
«Գրքասեր» առցանց գրադարան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ազիզբեկյանը Panorama.am-ին ասաց, որ «Գուգլե» անալիտիկի տվյալներով, կայքն օրական միջինն ունենում է 280-350 այցելու:
«Նրանք հիմնականում ներբեռնում են աուդիոգրքերը: Մեկ մարդը միջինը 5-6 րոպե է մնում կայքում, ինչը լրիվ բավական է ներբեռնման համար»,- նշեց նա:
Տ. Ազիզբեկյանն ասաց, որ գրքերը ձայնագրման ստուդիաներում կարդում են հիմնականում դերասանները՝ ամբողջությամբ: Ամսվա ընթացքում որքան գիրք է դուրս գալիս՝ կախված է գրքի ծավալից:
«Գրքասեր» առցանց գրադարան ՀԿ նախագահի խոսքով, կայքի ստեղծման նպատակն է օգնել մարդկանց ունկնդրել համաշխարհային գրականության ֆոնդի լավագույն ստեղծագործությունները, եթե նրանք չունեն ժամանակ կամ ունեն ընթերցանության հետ կապված խնդիրներ:
«Հայերեն աուդիոգրքեր շատ քիչ կային: Խոսքը 10-15 գրքի մասին էր, հիմնականում ենթակա վաճառքի: Իսկ մենք կարծում ենք, որ հայերենի դեպքում աուդիոգրքի տարբերակը շատ ավելի անհրաժեշտ է: Մեր դեպքում անխուսափելի է, քանի որ ունենք սփյուռք: Կան շատ մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ, իսկ բանավոր խոսքն ավելի հեշտ ընկալել է նրանց համար: Նաև տեսողության խնդիրներ ունեցող, զբաղված մարդու համար են լավ աուդիոգրքերը»,- նշեց Տ. Ազիզբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան