
Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
Կամավորականության կարգավորման սկզբունքը այսօր դարձավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի նյութ:
Պաշտպանության նախարարը նկատեց, որ կամավորականության հասկացությունը շատ հարազատ է հայ ժողովրդին, ինչի վկայությունն են հայկական բանակաշինության ողջ պատմությունը և ապրիլյան պատերազմի փորձը: Նրա խոսքով, կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ նախագծում հստակություն է մտցվել առ այն, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պահեստազորում պարտադիր հաշվառման։
«Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը. եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված է պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով՝ ներկայանա նշված վայր, նշված օրը, նշված պահին: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը շեշտեց, թե՝ իրենց մոտեցումը մեկն է. կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ, այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է. բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում: