Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված ծառատունկ Վարշավայում
Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի առթիվ Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում կազմակերպել էին ծառատունկ, որի ժամանակ տնկվել է 650 ծառ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման պաշտոնական մասում ողջույնի խոսքով հանդես է եկել Վարշավայի քաղաքապետի տեղակալ Միխալ Օլշչևսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Վարշավայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության տնօրեն Լեշչեկ Դրոգոշչը:
Իր խոսքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վարշավայի քաղաքապետարանին ամեն տարի իրականացվող խոշոր բնապահպանական այս նախաձեռնությանը մասնակցության հնարավորության համար: Էդգար Ղազարյանը նշել է, որ Լեհաստանի պատմության ընթացքում հայերը միշտ էլ ունեցել են դրական դերակատարություն, ինչն արձանագրվեց նաև հոկտեմբերի 19-ին ԼՀ Սենատի հատուկ բանաձևով: Դեսպանի խոսքով, ապրելով Լեհաստանում, հայերն այս հասարակության մասն են կազմում և ներքին պարտավորություն են զգում մասնակից լինելու տարբեր սոցիալական ծրագրերին և նախաձեռնություններին:
Ծառատունկին մասնակցում էին նաև Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վարշավայի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Վարշավայում բնակվող մեծ թվով հայեր:
Ծառատունկի ավարտն ազդարարվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից հնչեցված աղոթքով և օրհնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան