«Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ». Մեդվեդևը՝ Կարապետյանին
«Ավանդաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անշեղորեն աճում է»,-կառավարությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցած ՀՀ և ՌԴ կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն իր ելույթում հայտնել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի
Գործընկերներ
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում:
Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Մեր գործընկերների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած միջգերատեսչական մակարդակով հանդիպումները հենց այդ մասին են վկայում: Այսօր համատեղ ուսումնասիրվում են բավական հեռանկարային առաջարկություններ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ մեր օրակարգային հարցերը և հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Այսօր արդեն ստորագրման են պատրաստ մի շարք փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք կարծում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ոչ միայն պահպանելու մեր հարաբերություններում նկատվող միտումը, այլև արագացնելու այն: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Ուրախ ենք Ձեզ տեսնել»:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի
Հարգելի գործընկերներ, բարեկամներ
Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել: Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են: Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական սահմանին՝ Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու հնարավորություններին և քննարկել այնտեղ ռուսաստանյան ընկերությունների ներգրավման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին. ՀՀ նախագահ
- Մեդվեդև. Ռուսաստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի
- Մեդվեդև. Գազի գնի պահպանումը թույլ կտա բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը
- Հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
- Մեդվեդև. Մեր երկրում շատ հայտնի են հայկական մրգերը, պանիրը
- Մեդվեդև. Ամեն ինչ շատ լավ է
- Մեդվեդևը ժամանեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան