Փաշինյանը պաշտպանության նախարարին. «Խնդիրը հենց դրանում է»
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրինագիծը մշակման փուլում անցել է լայն հանրային քննարկումներ։
«Քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդում, անցել է խորհրդարանական լսումների փուլ։ ԱԺ գլխադասային հանձնաժողովում օրենքը քննարկվել է մանրամասնորեն, քննարկվել և ընդունվել են ԱԺ հանձնաժողովների անդամների առաջարկությունների գերակշիռ մասը։ Մի քանի կետով պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ առաջարկնելը տեղայնացնելու և ներդնելու նպատակով։
Անշուշտ առաջին ընթերցմամբ գործընթացն ավարտելուց հետո մենք բաց կլինենք լրացուցիչ քննարկումների համար, և եթե կլինեն առաջարկություններ, պատրաստ ենք դրանք քննարկել՝ նախագծում տեղայնացնելու համար»,- նշեց նախարարը։
Նա մանրամասնեց, որ այս օրինագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում. «Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը՝ ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը՝ նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարին հարց ուղղեց ռազմական դրություն հայտարարելու ժամանակ կառավարության լիազորությունները վերանայելու վերաբերյալ հանձնաժողովի նիստում արված առաջարկի մասին. «Դուք ասացիք, որ մասնագետների հետ կխորհրդակցեք և կասեք, ինչ եզրակացության եկաք»:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, թե խորհրդակցել են և որոշ առաջարկներ արդեն ներկայացվել են փաթեթում. «Կքննարկենք հարցը մինչև երկրորդ ընթերցում և հանձնաժողովում դեռ քննարկման հնարավորություն կլինի»։
«Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի քաղաքական պրոցեսներից չեզոք լինելու վերաբերյալ հարց հնչեցրեց՝ նշելով, որ եղել են դեպքեր, երբ բանակն ամբողջությամբ ներգրավված է եղել քաղաքական պրոցեսների մեջ։
Նախարարը Փաշինյանի մտահոգություններն ավելորդ համարեց։
«Չեզոքության մասին հոդված կա օրենքում՝ 15.8-ը, որը շատ հստակ ասում է ԶՈւ-ն չեզոք է քաղաքական խնդիրներում, տալիս է մանրամասն դրա բացվածքը և անհանգստանալու առիթ չկա»։
Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը հենց դրանում է, որ նախկինում էլ սահմանադրության մեջ գրված է եղել ԶՈւ չեզոքության ու զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերը ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան