Հոլանդացիներից կազմված երգչախումբը ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան տուն-թանգարանում
Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր կայանալու է հոլանդացիներից կազմած Caucasica երգչախմբի համերգը: Որպես մենակատար հանդես է գալու 15-ամյա դաշնակահար Անդրեյ Մակարովը: Panorama.am-ին երգչախմբի հիմնադիր և դիրիժոր հայազգի Յուրի Մակարովն (Մակարյանց) ասաց, որ երգչախմբի անդամները մեծ ուրախությամբ են եկել Հայաստան, երջանիկ են, որ ելույթ են ունենալու նաև հայ հանդիսատեսի համար:
Նրա ներկայացմամբ, երգչախումբը, որը կազմված է ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներից, կատարում է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, վրացական երգեր:
«Համերգի առաջին մասում ելույթ կունենա երգչախումբը, այնուհետև Անդրեյ Մակարովը, վերջում կեզրափակի երգչախումբը»,- նշեց Յուրի Մակարովը:
Դիրիժորը պատմեց, որ երգչախումբը ստեղծել է 1998 թվականին հոլանդական Գրոնինգեն քաղաքում:
«Սկզբում հինգ մարդ էր, հետո աստիճանաբար ավելացան մեր խմբի անդամները: Բոլորը հոլանդացիներ են: Եղել է ժամանակ, երբ մեզ միացել են նաև հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ ադրբեջանցիներ, ովքեր եկել էին Հոլանդիա՝ սովորելու: Երգացանկն ընդգրկուն է՝ հայկական, ռուսական, վրացական երգեր, ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական: Նրանք ոչ միայն ուղղակի երգում են, նաև ուսումնասիրում են այդ երկրների մշակույթը: Նրանք չեն տիրապետում այդ լեզուներին, ես նրանց տալիս եմ այդ երգերի թագմանած տարբերակները, որպեսզի հասկանան, թե ինչի մասին են երգում, սովորեցնոմ եմ՝ ինչպես ճիշտ արտաբերեն բառերը: Այդ բոլոր մարդկանց շատ է դուրս գալիս կովկասյան մշակույթը»,- ասաց խմբի ղեկավարը:
Հարցին, թե ավելի շատ որ լեզվով են նախընտրում երգել, Յ. Մակարովն ասաց, որ այնպիսի երգեր, որոնց կատարումն ավելի հեշտ է, հեշտությամբ են կարողանում արտաբերել բառերը, զգում են ամբողջությամբ:
Հոլանդացիները մեծ սիրով են կատարում Կոմիտասի գործերը: Յուրի Մակարովն ասաց, որ իրենք անպայման այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Նրանք հասկանում են այդ ցավը, որը զգում են նաև մեր երաժշտության միջոցով: Ինչ շատ հաճելի է, որ ես հոլանդացիների միջոցով էլ ավելի շատ եմ ըմբռնում, ընկալում իմ սեփական մշակույթը»,- ասաց նա:
Լուսանկարները՝ երգչախմբի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան