Լևոն Մնացականյանը պարզաբանել է՝ ինչու է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ:
«Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:
ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, միանշանակ, ավելի ցավոտ պատասխան է լինելու:
«Երեկ մենք չենք պատասխանել, քանի որ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա: Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչի հետ և այս հարցերը քննարկելու ենք նրա հետ»,- ասել է Լ. Մնացականյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
- Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան