«Փոքրիկ վիրտուոզ» Անահիտ Ստելմաշովայի միջազգային հաջողությունները շարունակվում են
Ախալքալաքում ապրող 11-ամյա դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան, որն ընդամենը մի քանի ամիս առաջ Թբիլիսիում արժանացել էր «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին, առաջիկայում պատրաստվում է նոր հաջողություններ գրանցել երաժշտության բնագավառում:
Նոյեմբերին Future stars փառատոնի «Փառատոնից փառատոն» նախագծի շրջանակում պատանի դաշնակահարուհին Բաթումիի սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Քամիլ Սեն-Սանս (Saint-Saens) «Երկրորդ կոնցերտը»: Համերգը կղեկավարի Դավիդ Մուկերիան:
«Տարին հագեցած էր, երբեմն համբերությունը չէր հերիքում, իրականում համբերությունն իմ գլխավոր զենքը չէ, հատկապես, երբ նոր եմ սկսում ուսումնասիրել ստեղծագործությունը: Գործընթացը երկար է, որը պահանջում է ջանքեր, սակայն արդյունքում ստացվածից հաճույք ես ստանում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոքրիկ դաշնակահարուհին:
Անահիտը խոստովանում է՝ կատարելով արդեն մշակված ստեղծագործությունը, լցվում է վստահությամբ և այն ներկայացնում է առանց ավելորդ լարվածության: «Ես բավականություն եմ ստանում յուրաքանչյուր հնչյունից, հարմոնիայից: Երբեմն փակում եմ աչքերս, անգիտակցաբար, բայց հետո շտապում եմ բացել, որպեսզի հանկարծ բաց չթողնեմ որևէ նոտա: Նվագելու գործընթացն ամբողջովին շատ հաճելի է»,- ասում է Անահիտը:
Նրան արդեն հնարավորություն է ընձեռվել մասնակցել մի շարք մրցույթների, փառատոների, ուղևորությունների, ինչը միանշանակ նոր մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու հրաշալի առիթ է:
Գարնանը դաշնակահարուհին ուղևորվել էր Փարիզ: Մասնակցել անվանի ֆրանսիացի դասախոս, կոմպոզիտոր, դաշնակահար, SOS Talnets միջազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Միշել Սոնիի վարպետության դասերին: Հենց այս մասնագետի մեթոդով է նա պարապում վերջին 6 ամսում, կատարել է տարբեր ուղղվածություններ ունեցող ստեղծագործություններ, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը»: Ֆրանսիացի մաեստրոն անթաքույց հետաքրքրությամբ է ընդգծել հայ անվանի կոմպոզիտորի ինքնատիպությունը:
«Ինձ նաև բախտ է վիճակվել վարպետության դասեր անցնել վրացի բացառիկ դաշնակահարուհի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանուն խաղաղության արտիստուհի Էլիսսո Բոկլավաձեի մոտ»,- նշում է Անահիտն ու հավելելով, որ իր համար ամենատպավորիչը եղել է մասնակցությունը Batumi music fest միջոցառմանը, որն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և որի ընթացքում նա արժանացել է Գրան Պրի մրցանակի: Նրա գնահատմամբ՝ երաժշտական զգացմունքային երեկոն մեկ հարկի ներքո էր մեկտեղել հրաշալի երաժշտություն:
Նշենք, որ Անահիտը երկու տարեկանից նվագում է, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից: Հունիսի 4-ին Թբիլիսիում «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին արժանանալը նրա հերթական հաղթանակներից մեկն էր: Իսկ այս տարվա մայիսին Անահիտն Իտալիայում՝ Ռոսինիի անվան օպերային թատրոնում նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը» և արժանացել 2-րդ կարգի մրցանակի: