Գանձասարում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը
Հոկտեմբերի 23-ին Գանձասար եկեղեցում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը: Այսպիսով՝ Գանձասարում պաշտոնապես ազդարարվեց բարեգործական մի նախագծի մեկնարկ, որով սկսվում է հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը. նախագիծ, որտեղ խաչվում են հայկական եկեղեցական ճարտարապետությունն ու գորգարվեստը: Նախաձեռնության հեղինակը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է։
«Երկու տարի առաջ ես և իմ ընկեր Վարդան Կարապետյանը եկանք Գանձասար՝ ուխտագնացության։ Այստեղ մենք տեսանք ոչ հայկական՝ կարծես մոլդովական գորգեր, ինչը, թերևս, ոչ հարգալից վերաբերմունք էր առաջին հերթին մեր սիմվոլների հանդեպ, մի վայրում, որի անունն իսկ սիմվոլիկ է՝ «Գանձերի սար»։ Ես ու Վարդանը փորձեցինք ուսումնասիրել այստեղի սիմվոլները․ դրանք ամենուր էին։ Մենք այնքան հաճախ ենք դրանք տեսնում ամբողջության մեջ, որ մոռանում ենք և չենք նկատում նրանց հատվածային նշանակությունը։ Վայրը, որտեղ ես եմ աշխատում (Վատիկանը-Panorama.am) հայտնի է երկու բանով՝ ահռելի ուշադրություն սիմվոլների և հիշողության հանդեպ։ Հիմա «Գանձասար գորգն» իր մեջ կրում է այդ երկուսը»,-իր ելույթում ասաց Միքայել Մինասյանը։
Դեսպան Մինասյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու․ «Սրբազանի օրհնությամբ և օգնությամբ ավարտելու ենք Արցախի բոլոր կարևոր եկեղեցիները և վանքերը օրհնված, անվանդական գորգերով ապահովելու նախագիծը։ Շատ շուտով սկսելու ենք Ղազանչեցոցի, Ամարասի եկեղեցիների համար անվանական, ձեռագործ գորգեր պատրաստելու աշխատանքները և այդպես շարունակ»։
Գորգերի պատրաստմամբ զբաղվել է «Մեգերյան կարպետ» ընկերությունը:
Ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ գորգերի նախագծումը տևել է շուրջ չորս ամիս, դրանք գործվել են ավելի քանի մեկ ու կես տարվա ընթացքում։ Պատրաստվել է երեք գորգ՝ ուղեգորգ, խորանագորգ և նախասրահի գորգ։ «Գորգի նախշերը ամբողջությամբ վերցված է Գանձասար եկեղեցու վրայի փորագրությունների զարդաքանդակներից։ Ուղեգորգին խորանի ներքին հատվածի զարդերն են»,-նշեց Մխիթարյանը։
Գորգերը եզակի են ոչ միայն իրենց դիզայնով, այլև չափերով: Գանձասարի ուղեգորգի լայնությունը՝ 1 մետր 32 սմ է, երկարությունը 6 մետր 61 սմ, նախասրահի գորգի մակերեսը՝ 36 ու կես քմ է, խորանագորգինը՝ գրեթե 14 քմ: Հատուկ Գանձասարի համար նախագծված գորգը հենց այդպես էլ կոչվելու է՝ «Գանձասար գորգ»:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ–ի նախագահ Րաֆֆի Մեգերյանը, պատգամավորներ: Գորգերի օրհնման արարողությունն իրականացրեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Պարգև արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտեց Միքայել Մինասյանին և Մեգերյան ընտանիքին, սրբազանի բնորոշմամբ, պատմական այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ «Մարդն իր բարի և մնայուն գործերով է մարդ։ Բարին կատարած մարդուն պետք է շնորհակալ լինել։ Մեր բոլորի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Միքայել Մինասյանին և Մեգերյան ընտանիքին այս հայրենանվեր, պատմական և շատ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասաց սրբազանը։
Նշենք, որ առաջիկայում ձեռագործ գորգեր կբացվեն 5 եկեղեցիներում` Գանձասարում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում, Կանաչ Ժամում, Ամարասում և Դադիվանքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան