Թանդիլյանը կոչ է անում աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին
« «Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական՝ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին»,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենց դաշինքը կոչ է անում ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն։
«ՀՀ և ԵՄ միջև բանակցված համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը կարևորագույն խթան է Հայաստան-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար»,- ասաց Թանդիլյանը։