Քաղաքական 16:27 24/10/2017 Հայաստան

Սերժ Սարգսյան. Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ:

Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

Նիստի սկզբում ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանն իր հակիրճ ողջույնի խոսքում ներկայացրել է հիմնադրումից ի վեր համալսարանի հիմնական ձեռքբերումները, անդրադարձել նաև առաջիկա ծրագրերին:

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությունը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Ուրախ եմ գտնվելու Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում: Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց-մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը և թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան: Որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի և վաշտի հրամանատարները դառնալու էին գնդապետներ և գեներալներ:

Այսօր մեկնարկում է ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար գերատեսչական պիլոտային ծրագիրը: Սա ևս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, և դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար: Ինչպես ասում են՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով:

Մեր բանակը ծնվել է պատերազմի կրակների մեջ: Ձևավորման հենց սկզբից տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատներին ավելի ուշ միացան խորհրդային բանակի հայազգի բազմաթիվ սպաներ: Մեր այսօրվա գեներալների մեջ կան ինչպես նախկին Խորհրդային միությունում իրենց ծառայությունը սկսած սպաներ, այնպես էլ ազատագրական շարժման աշխարհազորի ներկայացուցիչներ: Այսպիսով, իր ծննդյան օրվանից մեր բանակը եղել և մնում է ժողովրդական բանակ:

Մեզ պարտադրված պատերազմում մեր նորաստեղծ բանակը լուծեց իր առջև դրված խնդիրը և անցած բոլոր տարիների ընթացքում ևս դրված խնդիրները լուծել է հաջողությամբ: Մեր հերոս ընկերներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախն ու Հայաստանը, միաժամանակ դրեցին հայոց հաղթական բանակի հիմքերը: Հասունացել է ժամանակը, իրոք եկել է պահը, երբ մենք պետք է կատարենք նոր և նշանակալի առաջընթաց քայլ:

Հարգելի՛ ունկնդիրներ,

Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան:

Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով:

Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը:
Նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին, այսինքն ՝ մեր Բանակի ծննդյան օրը:

Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի:

Արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, լուծում է այդ խնդրի կարևոր, բայց միայն առաջին մասը` իրավական ձևակերպումը: Այնուհետև պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք` ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ներդրման և գործնական քայլերը ճիշտ հերթականությամբ իրականացնելու առումով:

Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով:

Հաջորդ տարվա բյուջեում, ինչպես գիտեք, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ բանակն առանձին և մեկուսի չի կարող զարգանալ, ուստի ժամանակին համընթաց պետք է քայլի մեր ողջ պետությունը: Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը:

Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար: Այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են:

Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում և պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում:

Սպան և հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր և ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք բուժսպասարկման խնդիրներին: Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը:

Ամիսներ անց Երևանի պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Այն պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական հասցե:

Այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլևս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին և նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն:

Հարգելի՛ ունկնդիրներ,

Մենք կատարեցինք առաջին կարևոր քայլը մեր լավագույն կադրերին դեպի զինվորական մասնագիտություն գրավելու ուղղությամբ: Այլևս իրականություն է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում, գերժամանակակից պայմաններում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Օրեր անց հենց այնտեղ ենք նշելու մեր մարտական ընկերոջ 60-րդ տարեդարձը: Այսօր եկել է պահը լրջորեն մտածելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների արդիականացման մասին:

Այս ողջ շղթայի յուրաքանչյուր օղակը՝ սահմանի առաջին գծից մինչև թիկունքի խոշոր բուժհաստատություն, պետք է գործի ճկուն, համակարգված, անխափան և արագ: Յուրաքանչյուր օղակ պետք է գործի առավելագույն արդյունավետությամբ:

Բանակն այն տեղն է, որտեղ պետք է լրացուցիչ կրթություն ստանան թե՛ շարքայինը, թե՛ սպան: Բանակը պետք է լինի մարդու շարունակական աճի կարևոր հանգրվան և ոչ սոսկ ընդգրկի հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի առջև պարտքը կատարելու ժամանակահատվածը: Զորամասերում պետք է պայմաններ ստեղծվեն զինծառայողների գիտելիքները հարստացնելու համար:

Ես ուզում եմ այստեղ մի փոքրիկ շեղում կատարել և ասել՝ բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու և տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է: Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, և մենք չգնացինք մինչև վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել: Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո: Եվ քանի որ թեմայից մի փոքր շեղվեցի, ուզում եմ նաև մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել և ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային և այլն: Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է: Նույնիսկ չեմ ուզում այդ խնդիրներին անդրադառնալ: Այնպես որ՝ պետք է ակտիվ լինեք: Հասկանու՞մ եք ՝ մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երևի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու: Բայց այդպես չի լինի, մենք չենք կարող այդպես զարգանալ:

Ռազմարդյունաբերական համալիրը ևս լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու և մեր զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ: Մշակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում:

Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետևաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, և դրանց վրա կառուցել ռազմական գիտության և արդյունաբերության վաղվա օրը: Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ժողովուրդը բարձր է գնահատում իր պաշտպանների անձնուրաց ծառայությունը: Կարևոր է, որ ծառայությունն ավարտելուց հետո հայրենիքը նույնպես իր պարտքը հատուցի զինվորականներին:
Այո՛, ասել եմ և կրկնում եմ՝ մեր սպայակույտը հայ մտավորական սերուցքի մի նոր և յուրատեսակ խումբ է: Հետևաբար, մեր սպայակազմը պետք է ապրի իր այդ հասարակական դիրքին վայել կյանքով: Մեր սպան պետք է ունենա կյանքի ու աշխատանքի լավագույն պայմաններ և աշխատավարձ, իսկ զորացրվելուց հետո՝ արժանավայել թոշակ:

«Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է լրջորեն վերանայել սպայական անձնակազմի համար բնակարանային խնդրի լուծման հարցը: Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ ձգվող, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող, ավելի շատ ջլատող, քան հարց լուծող բնակարանային հերթագրման ծրագիրն իրեն չի արդարացրել: Դրա փոխարեն կարելի է փորձել անցում կատարել մատչելի հիպոթեքային վարկավորման ծրագրի: Թեև այդ ծրագրի իրականացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում մեր պետական բյուջեի համար, հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել և լուծում տալ խնդրին` ծրագրի իրագործման նպատակով: Եվ ես գրեթե վստահ եմ, որ մենք հունվարի 1-ից կարողանալու ենք այս համակարգն արդեն գործադրել:

Մենք նաև պատրաստ ենք լուրջ համաֆինանսավորման աղբյուր գտնել մեր այն սպաների համար, ովքեր կցանկանան միանալ կուտակային կենսաթոշակային ծրագրին` ի լրումն առկա զինվորական թոշակի` իրենց ծերության համար ապահովության պաշար ձևավորելու նպատակով: Նախնական հաշվարկը թույլ է տալիս ակնկալել, որ իր աշխատավարձի 5 տոկոսը հիմնադրամում հավաքող սպան 65 տարեկանից հետո ստանալու է ամսական այնքան թոշակ, որքան իր զորացրման պահին զբաղեցրած պաշտոնին հավասար հաստիքում ծառայող սպայի աշխատավարձն է:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործունեությունը սկսեց Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը: Տա Աստված, որ այդ հիմնադրամը երբեք անհրաժեշտ չլինի, բայց իրականությունը մի փոքր այլ է: Այս ծրագրով մենք լուծում ենք մինչև օրս մեր ամենախոցելի խումբը հանդիսացող` զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնության խնդիրը: Դա մեր ազգային երախտագիտության դրսևորումն է մեր հերոսներին:
Հիմնադրամը մինչև օրս գործող ամենաթափանցիկ և հաշվետու ընթացակարգերն է որդեգրել: Պետք է խթանենք նաև այս հիմնադրամին կամավոր վճարումները:

Այս տարի մենք ամբողջությամբ լուծում ենք նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և 1-ին կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրները: Ինչպես հիշում եք, հայտնի ժողովի ժամանակ այդպիսի խնդիր դրվեց, և պաշտպանության նախարարը դեկտեմբերի վերջին կզեկուցի բոլորին, որ այս խնդիրն այդ պահի դրությամբ ամբողջովին լուծված է: Այս քաղաքականությունը շարունակվելու է:

Հարգելի՛ ունկնդիրներ,

Մենք մինչև հիմա պահպանել ենք ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Պահպանելու ենք այսուհետ ևս: Չենք ներքաշվելու քանակական մրցավազքի մեջ, գերադասելու ենք որակական լուծումները:

Փողն, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է խելքն ու ունակությունը: Մենք փողը ծախսելու ենք խելամտորեն, շարունակելու ենք այս երկուսի՝ փողի և խելամտության համադրումը:

Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են և միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու: Ես դա խոստանում եմ:

Արդի բանակը, սակայն, առաջին հերթին հենց դուք եք` սպայակազմը: Առանց սպայակազմ՝ բանակ լինել չի կարող: Միայն սպաներից կազմված ստորաբաժանումներ կարող են լինել, բայց միայն զինվորներից բաղկացած ստորաբաժանումներ չեն կարող լինել: Առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում միանգամից հրամանատար է ջոկվում: Սա բոլորը պետք է գիտակցեն: Սա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք մեր զինվորներին: Բոլորը պետք է գիտակցեն, որ հիմնական գործող անձը, բանակ ձևավորողը սպան է:

Այս բոլոր բարեփոխումները կիրականան, եթե միայն ինքներս գտնենք փոխվելու և մեր շուրջը փոփոխության ձգտում սերմանելու կարողությունը: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է: Երեկ ես ոստիկանությունում հանդիպում եմ ունեցել և այդ հանդիպման ժամանակ կրկնել եմ այն, ինչ տարիների ընթացքում ասում եմ՝ եթե որևէ կառույցի, որևէ ստորաբաժանման, որևէ հիմնարկի միջին և ստորին օղակները տեսնեն, որ այդ կառույցի, ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարությունը իրականության մեջ պայքարում է հոռի երևույթների դեմ, որ նրա համար անընդունելի են այդ, երբ տեսնեն, որ ղեկավարությունը ձգտում է նորին, միշտ ձգտում է փոփոխվել այս արագ փոփոխվող աշխարհում, ապա այնտեղ գործերը կստացվեն: Բայց երբ ներքևներում, միջին օղակներում տեսան, որ միայն իրենցից պահանջում են, այն էլ ձևական, իսկ ղեկավարությունը դա չի անում՝ ոչ մի բան էլ չի ստացվելու: Եվ ես չէ, որ ձեզ պետք է ասեմ՝ չէ՞ որ, բանակում օրենք կա՝ արա՛ այնպես, ինչպես ես: Եթե հրամանատարը չի կարողանում կրակել, նա չի կարող ենթակային սովորեցնել ճիշտ կրակել: Սա ակնհայտ է:

Օրինապաշտ, հայրենասեր, հմուտ սպան ոչ միայն հաղթանակի, այլև մեր առօրյայի կռողն է: Ուստի, առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում, ճանապարհ հարթել երիտասարդ սպաների առաջընթացի և անցնցում սերնդափոխության համար:

Մեր զինված ուժերում պետք է ամրապնդվեն փոխադարձ հարգանքի և միասնության վրա հիմնված հարաբերությունները: Մեզ պետք է մեկ ընտանիքի շունչ ունեցող բանակ, և դրա հիմնական պատասխանատուները բոլոր մակարդակների հրամանատարներն են:

Հարգելի՛ գործընկերներ,

Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:
Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:
Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք:

Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:

Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է:

Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:

Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան:

Հարգելի՛ ունկնդիրներ,

Պատմության ընթացքում և նոր ժամանակաշրջանում մենք դիմակայել ենք ամենաանհավատալի պայմաններում և շարունակել ենք մեր ընթացքը: Պատերազմի սկզբնական շրջանում մի արտասահմանցի ինձ հարցրեց՝ իսկ ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Պատասխանեցի, որ մենք շատ բարեկամներ ունենք, բայց բացի ինքներս մեզնից և Տեր Աստծուց, ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չենք դնում:

Այդ վստահությամբ մենք այսօր էլ շարունակում ենք կառուցել ժամանակակից պետություն, որը լինելու է ամուր և մրցունակ, ունենալու է բարձր տեխնոլոգիաներով և գերարդիական սպառազինությամբ զինված բանակ: Եվ դուք հատուկ դերակատարում ունեք այս տեսլականը կյանքի կոչելու գործում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ գիտակցեք՝ այն ժամանակը, որ հատկացնում եք գիտելիք ձեռք բերելուն՝ ամենակարևոր ժամանակահատվածն է մարդու համար, և այդ ժամանակահատվածը պետք է արդյունավետ օգտագործել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է գիտելիք մատուցողի որակը. ես այստեղ որևէ վատ բան չեմ ուզում որևէ մեկին ասել: Բայց դա ժամանակ է, որ դուք պետք է գիտելիք կուտակեք: Առանց գիտելիքի՝ չկա առաջընթաց:

Շնորհակալ եմ ուշադրության համար և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}