Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա. Ռուստամյան
«Չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն ենք քննարկում»,- այսօր խորհրդարանում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը։
Նա օրինագծում պաշտպանության կազմակերպման առումով հատուկ առանձանցրեց երկու նոր սկզբունք։
«Առաջինը ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ։ Այս հարցերն ուղղակիորեն ամրագրված են նախագծում, և մենք այդ իրացման տեսակետից դեռևս անելիքներ ունենք։ ԶՈւ-ի ժողովրդավարական վերահսկողությունն այն առանցքն է, որի շուրջ պետք է իրականացնենք պատշաճ և արդյունավետ վերահսկողություն այս համակարգի նկատմամբ։
Տարիների փորձը ցույց տվեց, որ ԶՈւ-ն, ունենալով լրջագույն դերակատարում, պետք է ունենա հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետ կառավարման բարձր մակարդակ: Այստեղ նկատի ունեմ ինչպես քաղաքացիական վերահսկողություն՝ լրատվամիջոցներ և այլն, այնպես էլ խորհրդարանական վերահսկողություն ՊՆ ոլորտում, որտեղ առաջին անգամ ամրագրվում է այս օրենքի նախագծում։ Խորհրդարանն իրականացնելու է համապատասխան վերահսկողություն ՊՆ ոլորտում, բայց նախագծով նաև ԱԺ-ն վերահսկողություն կիրականացնի նաև ԶՈւ-ի նկատմամբ»,- մանրամասնեց պատգամավորը։
Պատգամավորը հավելեց, որ 2018թ-ի ապրիլից, նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումից հետո ԱԺ-ն իրականացնելու է նաև քննիչ հանձնաժողովի դերը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հարակից զեկուցողին, թե ո՞վ է նշանակում Գլխավոր շտաբի պետին, նշելով, որ նախագծով դա հստակ սահմանված չէ. «Հիմա մեզ համար ԳՇ պետը առանձնահատուկ նշանակության ունեցող պաշտոնյա՞ է, թե՞ հերթական պաշտոնյա»։
Նահապետյանը պատասխանեց, որ լավ կլիներ՝ պատգամավորի ձևակերպումները առաջարկության տեսքով ներկայացված լինեին. «ԳՇ պետի նշանակման հարցը սահմանադրությամբ տրված է․վարչապետի առաջարկությամբ նախագահի կողմից նշանակվում է»։
Մտքերի փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ հենց ԳՇ-ի նշանակման պրոցեսում պետք է դրվի մեխանիզմներ՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքությունն ապահովելու համար։
Փաշինյանի կարծիքով միակ գործուն մեխանիզմն այն է, որ ԳՇ-ի ավագանու դեր կատարող գեներալներին նշանակի խորհրդարանը։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում նշեց, որ այս օրինագծում ամրագրված սկզբունքները նախ և առաջ ապահովում են սահմանադրական պահանջները։
«Շատ հստակ և պարզ է ԱԺ, կառավարության, անվտանգության խորհրդի, վարչապետի ու ԳՇ-ի դերակատարությունը։ Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա։ Սա այդ դեպքը չի, այստեղ հրամաններ են տրվում, և հրամանները անվերապահ կատարվում են, սա զինվորական գործի գլխավոր այբուբենն է»,- ասաց Ռուստամյանը։
Նա հավելեց, որ ԱԺ-ն երբեք այսպիսի լիազորություններ չի ունեցել պաշտպանության ոլորտի նկատմամբ, որն այսօր Սահմանադրությամբ և օրենքի նախագծով ձեռք է բերելու։
Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող պաշտպանության նախարարն անդրադառնալով Փաշինյաինի կողմից բարձրացված հարցերին, մատնացույց արեց օրենքի այն հոդվածները, որտեղ դրանց պատասխանները մանրամասն նկարագրված են. «ԳՇ պետի նշանակման ձեր առաջարկած մոդելը հետաքրքիր է, բայց դրա քննարկման փուլը սահմանադրական բարեփոխումների փուլն էր։ Եթե մենք շատ ուզենք դա անել, այս օրենքով հնարավոր չի լինի դա անել»։
Պաշտպանության նախարարը բոպոր խմբակցություններին կոչ արեց, չնայած առակ տարաձայնություններին, կողմ քվեարկել այս օրինագծին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը պաշտպանության նախարարին. «Խնդիրը հենց դրանում է»
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան