«Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ. Աշոտ Մանուկյան
Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Այս մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր ստորագրեցին Հայաստանում գրանցված և գործող «Էներգո Ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող «The Robbins Company» ընկերությունը։
Հուշագրի ստորագրմանը ներկա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի խոսքով՝ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։
«Կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյանգործընկերների մասնակցությամբ»,- նշեց նախարար Մանուկյանը։
Ստորագրման արարողությունից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ասաց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է։
«Այս տարի մենք նշում ենք ՀՀ հետ մեր դիվանագիտական հարաբերությւոնների 25-ամյակը և չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործունեության արդյուներին ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որն այսօր տոնում ենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեց Աշոտ Մանուկյանին «Շնող» հիդրոէլեկտրակայանի ներդրումային հնարավորությունն ինձ անձամբ ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել նրան մեր համատեղ ջանքերով և «Ռոբինս» համաշխարհային կարգի ամերիկյան ընկերության թունելային հորատող տեխնոլոգիան և սարքավորումները Հայաստան բերելու միջոցով այդ ծրագիրն իրականություն դարձնելու կապակցությամբ»,- ասաց դեսպանը։
Հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։
Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև: Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։
«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան