Արտեմ Ասատրյան. Զբաղվածության ծրագրերով չէ, որ գործազրկության խնդրին համալիր լուծում պետք է տրվի
Երեք տարի առաջ վերացվեց գործազրկության նպաստը, դրանից հետո կա՞ն վիճակագրական տվյալներ, թե քանի գործազուրկ է աշխատանքով ապահովել,- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցությունից Կարինե Պողոսյանը:
Ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2014-ին ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» օրենքով կառավարությունը որդեգրել է զբաղվածության ծրագրերի իրականացում՝ շեշտադրելով անմրցունակ անձանց հնարավորությունների զարգացումը, նրանց կայուն զբաղված դարձնելու քաղաքականությունը:
«Պիտի նշեմ, երբ այն ժամանակ որոշում էր կայացվում, մենք ունեինք վերլուծություն և ներկայացրել էինք: Ըստ այդմ, գործազրկության նպաստ ստացող անձանց միայն 6 տոկոսն է, որ հետագայում աշխատանք փնտրելով կայուն զբաղված էր դառնում, այս առումով ծրագիրը դիտարկվում էր ոչ արդյունավետ»,-ասաց նախարարը:
Նպաստների համար տրամադրվող գումարներն ուղղվում են զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը:
«Զբաղվածության գործակալության միջոցով անցած տարի աշխատանքի է տեղավորվել 17 հազար անձ: Նրանք ընդգրկված են եղել ոչ միայն զբաղվածության ծրագրերում, այլև ծառայությունների մատուցման ոլորտում»,-ներկայացրեց Ասատրյանը:
Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ ծրագրերի համար նախախատեսել են մոնիտորինգային ցուցանիշներ, մասնավորապես ներդնել կայուն զբաղվածության ցուցանիշը.
«Մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն իր նպատակին ծառայել է ու արդյունավետ է»:
Պատգամավորն արձագանքեց, որ վերջին տարիներին գործազուրկների թիվն ավելացել է: Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ զբաղվածության ծրագրերով չէ, որ գործազրկության խնդրին համալիր լուծում պետք է տրվի:
«Գործազրկության կրճատման խնդիրն առաջին հերթին տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումն են: Ինչ վերաբերում է զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերին ու վարվող քաղաքականությանը, ապա դրանց հիմնական նպատակը, հաշվի առնելով աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամամասնությունը, առաջին հերթին անմրցունակ, երկարատև գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց, աշխատաշուկա նոր մուտք գործող երիտասարդներին օգնել, որպեսզի նրանք դառնան աշխատունակ ու կայուն զբաղված»,-նշեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում