Երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային
Այսօր մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային: 300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանում գտնվող Կապույտ մզկիթը, իսկ 350 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա՝ Սպահանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ վանքը: Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով: Երկու նամականիշներով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը 20 հազար տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հովիկ Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամականիշի համատեղ թողարկումներ լինում են այն պետությունների մեջ, որոնց հարաբերությունները բավական բարձր մակարդակում են.
«Սա խոսում է երկրների դիվանագիտական հարաբերությունների, երկու երկրի մշակութային առանձնահատկությունների մասին, փաստում այդ ժողովուրդների բարեկամության մասին: Այն, որ այսօր հայ-իրանական համատեղ նամականիշ ենք թողարկում, դրա վառ ապացույցն է, որևէ մեկի համար տարօրինակ չի լինի, թե ինչու են հայ-իրանական համատեղ նամականիշ թողարկում»։
Հ. Մուսայելյանի խոսքով, Իրանում էլ է թողարկվել այս նամականիշից:
Փոխնախարար Արման Խաչատրյանն ասաց, որ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյան բարեկամության, եղբայրության հարուստ պատմություն:
«Կարծում եմ՝ այսօր մենք անում ենք շատ կարևոր քայլ՝ մեկ փոքր աղյուս դնելով մեր բարեկամության և եղբայրության կառուցվող շենքին: Այս փոքր քայլով ցանկանում ենք մեր բարեկամությունը, մեր համագործակցությունը մի փոքր առաջ մղել և մի փոքր խթանել՝ կարևորելով բազմադարյան համագործակցությունը»,- ասաց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում