SIPRI-ն՝ ադրբեջանական քարոզչության /ա/կամա գործիք
Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի վերաբերյալ քարոզչական թեզն այն մասին, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն, իբրև, ավելի մեծ է, քան Հայաստանի պետական բյուջեն, կառուցվել է թվային պարզ մանիպուլյացիայի միջոցով: Այս գործում կամա թե ակամա իրենց ներդրումն ունեցել են նաև միջազգային կառույցները, մասնավորապես՝ SIPRI-ն, ով իր հրապարակած տվյալներում եղել է բացարձակ անհետևողական:
Ադրբեջանի 2011-2017թթ պետական բյուջեի պաշտոնական փաստաթղթերի դիտարկումը ցույց է տալիս, որ որպես ռազմական ծախս ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ հրամցրել են նաև բյուջեով սահմանված «Դատական իշխանությունների, իրավապահ մարմինների և դատախազության» համար նախատեսված ծախսերը: Դրա շնորհիվ Ադրբեջանի ռազմական ծախսերը մշտապես ռեկորդային մակարդակ են ունեցել:
Իրականում, Ադրբեջանի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ պաշտպանությանն ուղղված ծախսերը երբեք չեն գերազանցել 2 մլրդ դոլարի շեմը:
Գծապատկերն արտացոլում է, որ մինչև 2016թ-ը SIPRI-ի ներկայացրած տվյալները, որոնք հիմք են հանդիսանում միջազգային տարբեր հետազոտական, լրատվական, վերլուծական կենտրոնների և գործակալությունների համար, գրեթե կրկնակի անգամ գերազանցել են Ադրբեջանի պետական բյուջեի մասին օրենքում հրապարակված տվյալներին: Պարզվում է՝ պատճառն այն է, որ SIPRI-ի ներկայացրած տվյալները բացի պաշտպանությանն ուղղված ծախսերից ներառում են նաև Ադրբեջանի պետական բյուջեով հաստատված «Դատական իշխանությունների, իրավապահ մարմինների և դատախազության» համար հատկացվող միջոցները:
Օրինակ՝ 2013թ-ին ըստ SIPRI-ի տվյալների՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 2,642 մլն մանաթ: Նույն տարում պետական բյուջեի մասին օրենքով Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 1,528 մլն մանաթ, իսկ «Դատական իշխանությունների, իրավապահ մարմինների և դատախազության» համար նախատեսված ծախսերը՝ 1,114 մլն մանաթ: Նշված երկու տողերի (Բյուջեի մասին օրենքի 1.2. և 1.3.) գումարը կազմում է 2,643 մլն մանաթ, ինչն էլ, փաստորեն, արտացոլված է SIPRI զեկույցներում: Նույնը կրկնվել է նաև 2015թ-ին. նշված երկու տողերի գումարը կազմել է 3,005 մլն մանաթ, ինչն էլ գրեթե նույնությամբ ներկայացրել է միջազգային հեղինակավոր կառույցը՝ 3,050 մլն մանաթ: Դիտարկված մյուս տարիների համար նկատված օրինաչափության մեջ կան որոշ շեղումներ, որոնք, հավանաբար, կապված են հաշվարկային փոխարժեքների, ճշգրտումների հետ, սակայն դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում:
Այս համատեքստում ամենահետաքրքրականն այն է, որ SIPRI-ի կողմից տվյալների ներկայացման մեթոդաբանությունը փոխվել է 2016թ-ին: Եվ ինչպես երևում է գծապատկերից՝ 2016թ-ին գործակալության ներկայացրած տվյալներում արտացոլվել են Ադրբեջանի պետական բյուջեով սահմանված միայն պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ 1,378 մլն դոլար: Այս մասին է վկայում նաև նույն SIPRI-ի ներկայացրած զեկույցը, ըստ որի՝ 2016թ-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը 2015թ-ի համեմատ նվազել են 36%-ով` կազմելով 1,379 մլն դոլար: Այս թվից հետհաշվարկը ենթադրում է, որ 2015թ-ին ծախսերը պետք է կազմած լինեին 2,154 մլն դոլար՝ թիվ, որը ոչ մի տեղ արտացոլված չէ:
Նախորդ 7 տարիների դիտարկումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն իրապես մեծ է եղել Հայաստանի ռազմական բյուջեից, սակայն ընդհանուր պետական բյուջեից մեծ լինելու մասին խոսք լինել չի կարող:
Երկու երկրների ռազմական բյուջեների միջև ամենամեծ տարբերությունը գրանցվել է 2012թ-ին՝ շուրջ 4,6 անգամ: Հետագայում այդ տարբերությունը նվազել է: Արդեն 2018թ-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծով ռազմական ծախսերն ավելանալու են 18%-ով՝ կազմելով 518 մլն դոլար, ինչը երեք անգամ է քիչ Ադրբեջանի ռազմական բյուջեից: 2018թ-ի պետական բյուջեի նախագծով Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 1,582 մլն դոլար, ինչը 3,6%-ով ավելի շատ է, քան ընթացիկ տարվա հատկացումները:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ նախորդ երեք տարիների ընթացքում Ադրբեջանի բյուջեն մշտապես ենթարկվել է ճշգրտումների՝ կապված մանաթի անընդհատ արժեզրկումների հետ: Այդ արժեզրկումները սովորաբար սկիզբ են առնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերից և տևում են մինչև հաջորդ տարվա փետրվար: Նման սցենարի կրկնության դեպքում Ադրբեջանի ռազմական ծախսերը դոլարային արտահայտությամբ նշանակալիորեն նվազ կլինեն:
Գոռ Ծառուկյան, տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան