Ադրբեջանին ԵԽ-ն պաշտոնապես տեղեկացնում է անդամակցության հնարավոր կասեցման մասին
Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է Ադրբեջանին աննախադեպ իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին, որը կապված է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի չկատարման հետ։
Հաղորդվում է, որ 2014թ․-ի մայիսին ՄԻԵԴ-ը գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը գտել էր, մասնավորապես, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար, որը Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում է։
Նշվում է, որ մինչ այժմ ՄԻԵԴ-ն արձանագրել է հոդված 18-ի 5 խախտում և բոլոր այս դեպքերում, բացի Իլգար Մամմադովից, դիմումատուներն ազատ են արձակվել։
ՄԻԵԴ վճռի հրապարակումից 3 տարի անց, սակայն, Մամմադովը շարունակում է մնալ բանտում։
Այսօր նախարարների կոմիտեն որոշել է, ԵԽ պատմության մեջ առաջին անգամ, սկսել 2010թ․-ին ընդունված գործընթացը, համաձայն որի գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որոշելու, արդյոք վճռի չկատարումը Կոնվենցիայի հետագա խախտում է։
Նախարարների կոմիտեն միջանկյալ որոշում է կայացրել․ Ադրբեջանին մինչև նոյեմեբերի 29-ը ժամանակ է տրվել գրավոր ներկայացնելու իր տեսակետը։
ԵԽ նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-ին կքննարկի գործը ՄԻԵԴ հետ ուղարկելու միջանկյալ բանաձևը, եթե այս ժամանակահատվածում վճիռը չկատարվի։
Նշենք, որ ՄԻԵԴ վճռի չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցության կասեցման համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան