«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց եմ համարում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ունի նախնական տեսք, խնդրահարույց է: Այստեղ մտահոգություն ունեն նաև մեր կուսակցական շատ գործընկերներ: Մենք արդեն սկսել ենք քննարկումները և առաջիկա օրերին մեր կուսակցությունը կներկայացնի իր առաջարկները»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, հետևաբար, իրենք ազգային արժեքների, ավանդական ընտանիքի կողմնակից են:
«Հանրապետականները ազգային ավանդական ընտանիքի կողմնակից են: Եւ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության և ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են, և մենք պետք է քննարկենք ու ներկայացնենք նոր մոտեցումներ: Կարծում եմ, որ նախնական տեսքից այն պետք է փոփոխվի: Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տեսել եմ որոշ մտահոգիչ դրույթներ, դրա համար արդեն իսկ առաջարկություններ ենք ներկայացրել: Այս տեսքով սա խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություն է: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վտանգի մեջ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է դատապարտենք բռնությունը: Բռնությանը որևէ մեկը կողմ չէ, բոլորն են դեմ: Հայ մարդու համար բռնությունը երբեք չի եղել գործելաոճ և պետք չէ մեզ համեմատել բարբարոսական հոսանքների հետ»,- ընդգծեց Շարմազանովը:
Ըստ նրա՝ հայ հասարակության մեջ կնոջ, մոր դերը մշտապես մեծ է եղել, Հայաստանում ընտանիքն ամենաառողջ կորիզն է, և պետք չէ մի քանի շեղված մարդկանց օրինակը, որոնք բռնություն են կիրառում, տարածել բոլոր ընտանիքների վրա և ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կա. «Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից դատապարտենք բռնությունը և հնարավորինս նվազեցնենք մեր երկրում ընտանեկան բռնության դեպքերը, բայց մյուս կողմից չանենք բաներ, որոնք հակասում են Սահմանադրությանը, քրիստոնեական աշխարհընկալմանը: Սա իմ պահպանողական մոտեցումն է և ոչ մեկը չպետք է զարմանա, որ պահպանողականն ունի նման կարծիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան