«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցել է 38000 աշակերտ
Այսօր Հայաստանի և Արցախի 991 դպրոցի ավելի քան 38000 աշակերտ մասնակցեց հայոց լեզվի ամենազանգվածային ու հետաքրքրաշարժ նախաձեռնությանը՝ չորրորդ «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին։
Մրցույթի հեղինակ ու պաշտոնական կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամից տեղեկացնում են, որ «Մեղու 2017»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն www.meghu.am կայքում նոյեմբերի 9-ին, իսկ 2018 թ. հունվարին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին։ Մրցանակաբաշխությունները տեղի կունենան մայիսի վերջին ՀՀ-ում և Արցախում:
«Մեղու» մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն՝ ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, և զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները:
«Մեղու» մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ՝ անմիջապես բոլոր մասնակից դպրոցներում:
Մրցույթը թեստային է: Թեստերը կազմված են գլխավորապես հայոց լեզու առարկային վերաբերող հարցերից, սակայն կարող են ընդգրկել նաև գրականությունից այնպիսի հարցեր, որոնք ունեն լեզվամտածողական ու լեզվագիտական ուղղվածություն և չեն պահանջում գրական որոշակի գործի իմացություն: Յուրաքանչյուր թեստ ունի պատասխանի 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները