Այս համաձայնագրից բխող հետևանքները միանշանակ դրական են. Արամ Սարգսյան
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ համաձայնագրի վավերացումը թույլ կտա ընդլայնել հայ-ավստրիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ավիաընկերությունների համար կստեղծի կանխատեսելի իրավական դաշտ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե այս փաստաթուղթը ի՞նչ հնարավորություններ է տալու։
«Այս փաստաթուղթը տալիս է հնարավորություն, որպեսզի ավիաընկերությունն իրեն ավելի ապահով զգա տվյալ երկրում, որտեղ թռիչքներ է իրականացնում։ Սա այն իրավական ֆունդամենտն է, որտեղ ավիաընկերությունները պետք է աշխատեն»,- պատասխանեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ Երևան-Վիեննա չվերթը համարում է վաղուց կայացած և հարցրեց. «Տարբեր հարցեր են առաջանում գնագոյացման և գիշերային պիկ ժամերի հետ կապված, որը երբեք չի փոփոխվում, ո՞րն է այստեղ խնդիրը»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ գնագոյացման հետ իրենք որևէ ուղղակի ազդեցություն չունեն. «Միայն կարող եմ ասել, որ մենք մշտադիտարկման տակ ենք պահում ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագները՝ հասկանալու, թե ինչպես է շուկան աշխատում, իսկ գնագոյացման հիմքում ընկած է առաջարկ-պահանջարկ, սեզոնայնությունը։ Թռիչքների ժամերի հետ օբյեկտիվ պատճառաբանություն կա։ Մասնավորապես, Եվրոպայի ավիաընկերությունները, քանի որ իրենց ուղևորահոսքը չեն պլանավորում միայն քաղաքից քաղաք սկզբունքով, այլ նաև տրանսատլանտյան չվերթներ իրականացնելով՝ դեպի ԱՄՆ, զուտ այս չվերթները բաց չթողնելու համար է այդ ժամը նախատեսված»։
Մելքումյանն արձագանքեց. «Այսինքն մենք դատապարտված ենք, որ միշտ այդպես լինի»։
Հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը միանալով ԱԺ փոխնախագահի այն տեսակետին, որ ավստրիական ավիաուղիները Հայաստանում արդեն կայացած են, նշեց. «Հավատացնում եմ, որ այս համաձայնագրով բարձրացնում ենք այդ ավիաուղիների՝ մեզ համար հասանելի սպասարկման որակը․ ծառայությունների հնարավորությունն ենք էլ ավելի մեծացնում։ Այս նախագծից բխող հետևանքները միանշանակ դրական են, որևէ բացասական ակնարկ չի կարող լինել այստեղ, և խորհուրդ եմ տալիս բոլորին կողմ քվեարկել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա