Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
Ազգային ժողովում շարունակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քննարկման համար որոշված 4 ժամն ավարտվել է, բայց քանի որ բոլոր պատգամավորները չհասցրեցին ելույթ ունենալ, ժամանակը կավելացվի:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթի ընթացքում կոչ արեց հանդուրժող լինել իրենց կողմից արտահայտած մտքերի նկատմամբ։
«Այստեղ խնդիրը տարկետման համակարգ ունենալ-չունենալու մեջ չէ, այլ լավ գործունյա կրթական համակարգ ունենալու և գիտությունը բարձր դասելու, ֆինանսավերոլու մեջ է։ Ինչը տվյալ դեպքում Հայաստանում ցածր մակարդակի վրա է»,- ասաց Զեյնալյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ բանակի կարևորությունը գիտեն, և այդ կարևորությունը ոչ ոք չի վիճարկում։
«Տպավորություն է, որ հենց հիմա հասկացաք բանակի կարևորությունը, ո՞ւր էին ձեր պաթոսախեղդ ելույթները, երբ բանակից գողանում էին, զինվորից էին գողանում, ապրիլյան պատերազմը պետք եղավ հասկանալու համար, որ լրջագույն խնդիրներ ունենք։ Մենք հասկանում ենք բանակի կարևորության մասին: Խոսում եք այստեղ շարքով քայլելու մասին, պարոնայք, եթե այդպիսի ապրելակերպ եք ուզում, կարող եք գնալ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան և մի շարքով քայլեք մի հրամանի ներքո»։
Ինչ վերաբերում է Իսրայելի հետ համեմատություններին, պատգամավորն ասաց. «Եթե մենք ուզում ենք Հայաստանը դառնա Իսրայել, հասկանում եք, Իսրայելի կարևորագույն բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը դուք ոտնահարում եք կեղծ հայրենասիրական պաթոսի ներքո: Ամեն քայլ ուղղված ժողովրդավարության դեմ հարված է բանակին»։
Գորգիսյանի ելույթը դժգոհություն առաջացրեց դահլիճում նստած որոշ պատգամավորների մոտ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց չխանգարել ելույթ ունեցողներին. «Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ներկայացնել։ Հանգիստ քննարկենք, հարքենք մեկս մյուսին»։
Շարունակելով ելույթը՝ «Ելք»-ի պատգամավորն ասաց. «Կտրելով գոնե բակալավրիատ ավարտածների հոսքը բանակ, մենք կտրուկ իջեցնելու ենք բանակում զինվորների, զինծառայողների որակը»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ իր ելույթում առաջարկեց չխառնել բանակի ու գիտության խնդիրները։
«Կարևոր է, որ ֆիքսենք ու տարըմբռնումների առիթ չտանք, որ տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում։ Սա կարևորագույն ֆունդամենտալ խնդիր է, քանի որ այն շահարկումների մեծ դաշտ է բացում, որը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Եթե ասում ենք, որ գիտությունը սրանից կտուժի, եկեք մենք մեզ չխաբենք, այս տարիների ընթացքում տարկետումը գիտության համար առանձնապես խնդիրներ չի լուծել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից. Արման Սաղաթելյան
- «Դիսկոմֆորտ չե՞ք զգում». Մարուքյանի հարցը Նահապետյանին
- Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- ՊՆ ներկայացրած օրինագծում կան բավականին բեկումնային և վիճահարույց դրույթներ. Նորայր Նորիկյան
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- «Այս օրինագծով բանակ մտնողները ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ». քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան