Կոռուպցիա կա, իրենց խնդիրն է, գիտություն չկա, իրենց խնդիրն է, իրենք են գիտությունն ապականել. Մարուքյան
Տարկետման իրավունքի վերացման մասին Ազգային ժողովում խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին օգտվել են այդ իրավունքից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանության մեջ գտնվող և այդ օրենքից օգտված մարդիկ պետք է դիսկոմֆորտի մեջ լինեն:
«Բանակում չծառայած իշխանությունը եկել, ասում է՝ բոլորը պետք է ծառայեն: Այստեղ է դիսկոմֆորտը: 2000 թվականից Հանրապետականը Հայաստանում իշխանություն է: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հենց այդ կուսակցությունն է ներկայացնում: Եվ եթե այս տարիներին մեկը ձևական է գիտությամբ զբաղվել, դա իրենց բեռն է, մեկը փողով է գիտությունների թեկնածու դառել, էլի իրենց խնդիրն է:
Այսինքն՝ իրենք չեն պայքարել կոռուպցիայի դեմ, կրթական համակարգն իրենք են հանրապետականիզացրել: Բոլոր պրոբլեմներն իրենց առաջացրած պրոբլեմներն են: Ո՞վ է բուհերը հանրապետականիզացրել, ո՞վ է այնպես արել, որ մարդիկ փողով թեկնածուականներ պաշտպանեն: Իրենց իշխանությունն է արել, ումի՞ց են նեղանում»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Դիտարկմանը, որ տարկետման իրավունքի վերացումը լոկ բանակը համալրելու հարց է լուծում, Էդմոն Մարուքյանը պատասխաեց՝ դա ևս իշխանության հարուցած խնդիրն է: Մասնավորապես, 17 տարվա իշխանության ընթացքում ՀՀԿ-ն վարել է մի քաղաքականություն, որի արդյունքում բնակչության մի ստվար զանգված արտագաղթել է:
«Կոռուպցիա կա, իրենց խնդիրն է, գիտություն չկա, իրենց խնդիրն է: Նրանք են գիտությունն ապականել: ԳԱԱ ղեկավար են նշանակել մի մարդու, ով Հայաստանը քոսոտ երկիր է անվանում: Ո՞ր հարցն է, որ ՀՀԿ-ի գործունեության հետևանքը չէ»,- հռետորական հարց հնչեցրեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև անթույլատրելի համարեց, որ բանակում չծառայած բազմաթիվ մարդիկ ՊՆ-ի կողմից բազմաթիվ մեդալներ են ստացել: Սա, պատգամավորի համոզմամբ, խրախուսել է բանակում չծառայելը:
Հարակից հրապարակումներ`
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին