Մարտիրոս Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Ռուզան Սարյան
Այսօր և վաղը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները:
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին:
Գիտաժողովի բացմանը Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ասաց, որ Մարտիրոս Սարյանն իր տեղն ունի համաշխարհային ավեստում, Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչի մասին վկայում է տարեցտարի ավելացնող այցելուների քանակը:
«Տարբեր երկրներից մարդիկ գալիս են տուն-թանգարան, որպեսզի առաջին անգամ տեսնեն Սարյանի աշխատանքները հենց նրա հայրենի հողում: Նրանք զգում են մշակութային շոկ, քանի որ հասկանում են, թե ստեղծագործական ինչպիսի պոտենցիալ ուներ Սարյանը»,- նշեց Ռուզան Սարյանը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
2016-ին թանգարանը հիմնանորոգվեց:
Այժմ այն չորս հարկ է ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:
Հարակից հրապարակումներ`
- Մարտիրոս Սարյանի արվեստը՝ Հայրենական պատերազմի տարիներին
- Մենք թևակոխում ենք նոր փուլ. Մարտիրս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
- Մ. Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է
- Իրականացվել է Մարտիրոս Սարյանի վաղեմի ցանկությունը