Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը. Դոմինգես
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Լատինական Ամերիկայի երկրների և մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համագործակցության հաստատումը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իրենց արդյունավետ գործունեությամբ կարող են նպաստել ոչ միայն միջխորհրդարանական, այլև միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է բարեկամական խմբի անդամների այցը Արցախի Հանրապետություն՝ համարելով այն լավ հնարավորություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և արցախցիների հետ շփվելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այցելությունը լավագույն ձևն է համոզվելու, որ արցախցիների ձգտումը խաղաղության հաստատումն է: Մենք խնդիր չունենք ադրբեջանցի ժողովրդի հետ. մեր նպատակն է արցախցիների համար ապահովել խաղաղություն և բարեկեցություն»:
Արա Բաբլոյանը շեշտել է միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարևորությունը՝ նշելով, որ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի այցը լավ մեկնարկ է երկու երկրների միջև հարաբերություններն աշխուժացնելու և դրանք նոր հարթություն տեղափոխելու համար:
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մեր այցը երկու ազգերի միջև հարաբերությունները զարգացնելու ցանկության վառ ապացույցն է: Բարեկամական խմբերը կարող են նպաստել քաղաքականության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացմանը: Մենք եկել ենք ընկերության ու համագործակցության նոր ճանապարհներ բացելու և պատրաստ ենք քննարկելու փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկները»:
Խոսելով Արցախ կատարած այցելության մասին՝ տիկին Դոմինգեսն ընդգծել է. «Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը»:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել Հայաստանից և Արցախից ստացած իրենց տպավորությունները: