ՀԱՊ-ում բացվելու է «Արա Շիրազի հետահայաց ցուցահանդես»
Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը:
Ազգային պատկերասրահից Panorama.am-ին հայտնեցին, որ հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝ հզոր արձանագործի ծավալային և ձևակազմական բոլոր փոխակերպումներով, քանդակագործական երկերից մինչև գրաֆիկական թերթերը` շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից):
Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք մեկ այլ տեսանկյունից են լուսաբանում Շիրազի արվեստը:
Ցուցահանդեսի համադրող է Մարիամ Դավթյան:
ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Շիրազը (1941-2014թթ.) հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ: