Արշակ Պետրոսյան. Թիմը լավ տրամադրվածություն ունի
Հոկտեմբերի 28-ին Հերսոնեսում (Կրետե կղզի) մեկնարկում է շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հունաստան մեկնելուց առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը զրուցել է ՀԱՕԿ լրատվականի հետ։
«Թիմը լավ տրամադրվածություն ունի, տղաները շատ են ուզում հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարից առաջ հոկտեմբերի 14-ից 24-ը հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում: Մարզական գործընթացը բաղկացած էր ֆիզիկական և զուտ շախմատային մասերից: Օրվա առաջին կեսին տղաները, ըստ անհատական նախասիրությունների զբաղվում էին սպորտով, իսկ ճաշից հետո անցնում էինք շախմատին: Հավաքից գոհ եմ»,-ասել է Արշակ Պետրոսյանը:
ՀԱՕԿ-ի փախանցմամբ՝ հավաքականի կորիզը կազմում են փորձառու շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանք մեկ թիմային առաջնություն չէ, որ անցկացրել են: Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն առաջին անգամ ներառված է հավաքականի կազմում: Մարզչի խոսքով, Հովհաննեսը լավ շախմատիստ է և անհրաժեշտության դեպքում կարող է օգնել թիմին: Մրցաշարի ընթացքը ցույց կտա, թե նա որքանով ակտիվ ներգրավված կլինի խաղում:
Ծաղկաձորում, տղամարդկանց հավաքին զուգահեռ, գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ, պատրաստվում էր նաև կանանց հավաքականը, որի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը: Մարզչի խոսքով, աղջիկները մարտական են տրամադրված, բայց մրցաշարից առաջ կանխատեսումներն անելն իմաստ չունի:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթել է 1999 թվականին՝ Բաթումում, 2007 և 2015 թվականներին դարձել է արծաթե, իսկ 1997-ին՝ բրոնզե մեդալակիր:
Կանանց ընտրանին Եվրոպայի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2003-ին՝ Պլովդիվում (Բուլղարիա), իսկ 2007-ին ճանաչվել է բրոնզե մեդալակիր: