Վիգեն Սարգսյան. Փառք եմ տալիս Աստծուն, որ դուք այդ աշխարհընկալմամբ փոքրամասնություն եք
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում առաջարկեց շարունակել բաց երկխոսությունն առաջիկա շաբաթվա ընթացքում նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախարարը ցավ հայտնեց, որ որոշ պատգամավորներ փորձեցին պրիմիտիվացնել այս օրենքը՝ նեղացնելով այն մինչև տարկետման տրամադրման հարցը: Ասաց, որ բացի տարկետման իրավունքից օրենքը կարգավորում է տասնյակներով լուծում չգտած հարցեր, թե սպաների, թե պայմանագրային զինծառայողների, թե ժամկետային ծառայության անձնակազմերի համար, այն տալիս է սոցիալական պաշտպանության լուրջ երաշխիքներ, բովանդակային լիցք է հաղորդում արտոնությունների համակարգին և այլն:
«Օրինագծին զուգահեռ հանդես եմ եկել մի շարք հեռուն գնացող նախաձեռնություններով, այդ թվում պաշտոնյաների հայտարարագրերում պաշտոնյանների ու նրանց ընտանիքի անդամների զինծառայության վերաբերյալ պահանջ ներառելը»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը ցավ հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը և չփորձեց կառուցողական փոխգործակցության դաշտում լուծել երկրի համար առանցքային հարցի՝ ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրները:
«Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող լուծումներն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ, այդ թվում նաև իրենց առաջարկած տարբերակները»,-ասաց Վ. Սարգսյանը:
Նա անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկներին:
«Տիկին Թանդիլյան, չծառայելը վճարով փոխհատուցելու վերաբերյալ ձեր առաջարկը ոչ այլ ինչ է, քան կոչ մեր բնակչությանը, վաճառել իրենց վերջին կացարանը զավակին չծառայլելու համար: Եթե չծառայելու դիմաց հնարավոր լինի չվճարել, ո՞ր խավն է առաջինը դրանից օգտվելու, ո՞ր մի հայ ծնողը պետք է նայի իր երեխայի աչքերին ու ասի, ես այդ գումարը չունեմ, դու պարտավոր ես գնալ ծառայելու: Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ դուք այդ աշխարհընկալմամբ փոքրամասնություն եք, ոչ թե մեծամասնություն այս խորհրդարանում»,-ասաց նախարարը:
Շարունակելով արձագանքել ընդդիմության ելույթներին, նա նշեց. «Ընկել եք հոգևոր ճեմարանի 18 սաների հետևից: Մենք մինչև ֆիզկուլտ ինստիտուտ ունենք տարկետում, ո՞նց կարող ենք հոգևոր ճեմարանում չունենալ տարկետում»:
Նախարարն ասաց, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածվելու է բոլորի վրա:
Վիգեն Սարգսյանը ցավ հայտնեց, որ իր ու Կորյուն Նահապետյանի կոմֆորտից հետաքրքրվող Մարուքյանը դահլիճում չէ:
«Կուզեի իմանալ, իր ֆրակցիոն գործընկերներից հարցրել է, իրենք կոմֆորտ են զգում այս քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից, ոչ միայն չեն ծառայել բանակում: Հասկանում եմ պարոն Միրզոյան, Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ինչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Ձեր որ արածի համար»:
Սարգսյանը հետաքրքրվեց, հեռահար կրթության բացակայության պայմաններում ինչպե՞ս է Մարուքյանը նույն տարիների ընթացքում դրսում սովորել ու բանակում ծառայել:
«Եթե ստացել է արտոնություն, որ կարող էր սովորել, ուզում եմ իր բառապաշարով հարցնել, էդ ինչ թաքուն պայմանավորվածությունով է արել»:
Նա առաջարկեց՝ ոնց ուզում են, թող այնպես էլ քվեարկեն, բայց հանրությանը պետք չէ մոլորության մեջ գցել: Վ. Սարգսյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունից հանձնաժողոում քննարկումների արդյունքում որևէ առաջարկություն չի ստացել, լիագումար նիստում է իմացել, որ այդ ֆրակցիան դեմ է օրինագծին:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիա կա, իրենց խնդիրն է, գիտություն չկա, իրենց խնդիրն է, իրենք են գիտությունն ապականել. Մարուքյան
- Շարմազանով. Դասալիքը ձեզ պատվեր տվողներն են
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Հուսով եմ մի օր զինծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ նաև անկախ սեռից. Արման Սաղաթելյան
- «Դիսկոմֆորտ չե՞ք զգում». Մարուքյանի հարցը Նահապետյանին
- Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվում պահեստազորի խումբը. Արման Սաղաթելյանը՝ Վիգեն Սարգսյանին
- Ուսանողները՝ ԱԺ շենքի դիմաց
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան