Պետության մասին գաղափար կազմվում է նաև գիտնականների շնորհիվ. գլխավոր մրցանակակիր
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնեց տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացան 26 ուսանող և 17 աշակերտ՝ 6 բուհից ( ՀԱՊՀ, ԵՊՀ, ՀԱՀ, ՀՌՀ, ԵՏԱ, ՀՊՄՀ) և 8 ավագ դպրոցից (ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոց, ԵՊՀ առնթերֆիզիկամաթեմատիկական դպրոց, Քվանտ վարժարան, Շիրակացի ճեմարան, Գյումրու Ֆոտոն վարժարան, Վանաձորի «Էվրիկա» դպրոց, Սեբաստացի կրթահամալիր, «Այբ» ավագ դպրոց):
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար։ Նշված անվանակարգերից բացի սահմանված է նաև Գլխավոր մրցանակ (1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), որին այս տարի արժանացավ ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանը։
«Իմ աշխատանքները հիմնականում վերաբերում են նանոմասնիկների հետ լույսի փոխազդեցությանն ու դրա տարատեսակ կիրառություններին։ Սրանք տարատեսակ կիրառություն ունեն և բժշկության մեջ, և արդի տեխնոլոգիաներում։ Աշխատանքս ավելի շատ ֆիզիկայի ոլորտում է, որը կարող է կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ»,- պատմեց մրցանակակիրը։
Նա պատմեց, որ մրցանակներին այդքան էլ կարևորություն չի տալիս, անում է այն, ինչ իրեն դուր է գալիս։
«Մրցանակները քիչ ներդրում ունեն ոլորտի զարգացման համար, եթե մենք հույսներս դնենք միայն նմանօրինակ քայլերի վրա, մենք ոչնչի չենք հասնի, իսկ գիտությունը ցանկացած պետության համար շեմ է, այսինքն պետության մասին գաղափար կազմվում է նաև այդ պետության գիտնականների շնորհիվ»,- ասաց երիտասարդ գիտնականը՝ նշելով, որ ծեծված խոսքեր են, բայց գիտության ոլորտի հիմնական խնդիրը շարունակում է մնալ թերֆինանսավորումը։
Մինչև այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել է 452 ուսանող և աշակերտ:
Միջոցառման շրջանակներում Նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաև 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության Նախագահը նրանց ևս շնորհավորել և խրախուսել է նվերներով:
«Այսօր մեր ՏՏ ոլորտի մասնագետներն ունեն այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային, գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետև միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել ամբողջ տնտեսության զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35 տոկոսը կանայք են:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել
- Հայ աշակերտուհիները ժեստերի լեզու սովորեցնող բջջային հավելված են ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին