Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի. «Եվա» ֆիլմի ռեժիսոր
Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի առաջնախաղը:
Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր, իրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:
«Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 2 ամիս. այն իրականացվել է Ստեփանակերտում, Շուշիում, Քաշաթաղում, Մարտակերտում, Մարտունիում, իսկ ֆիլմի մի փոքրիկ մասն էլ նկարահանվել է Հայաստանում՝ 2016 թվականի դեկտեմբերին: Նկարահանումներին մասնակցել է արհեստավարժ և լավ դերասանական խումբ: Ինձ շատ է ոգևորել բնիկ արցախցիների դերասանական կատարողականությունը: Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի, բայց մենք կարողացանք այն իրականացնել»,- ասել է նա:
Ֆիլմի գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշել է, որ ինքը մարմնավորել է մի կերպար, որն իրականում իր բնավորության հակապատկերն է:
«Երբ ես դիտում էի ֆիլմը, չէի պատկերացնում, որ այդ կերպարի հերոսուհին ես եմ: Շատ հաճելի է, որ ինքդ մտածում ես, թե դու կարող ես նաև այդպիսին լինել: Ֆիլմից հետո հասկացա, որ ես արդեն ոչ մի դժվարությունից չեմ վախենում: Այս ֆիլմի նկարահանումը, իրոք, լուրջ փորձություն էր ինձ համար»,-մասնավորապես ասել է Ն. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան