Մենք պետք է ընդունենք այն իրականությունը, որում ապրում ենք. Պաշտպանության նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի բուն իմաստը հենց բանակի արդիականացումն է: Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար, ծրագրի հիմքում ի՞նչ է լինելու:
«Զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր, այսօր խնդիր է դրված այդ ծրագրերի ավելի թռիչքաձև զարգացման՝ թե սպառազինության, ռազմական տեխնիկայի, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, թե ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Ազգային ժողովում այս օրերին քննարկվող «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքները բավականին լուրջ իրավական հիմք են ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար:
Վ. Սարգսյանն ասաց, որ Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականից հետո անմիջապես սկսել են աշխատանքները, անելու են ամեն ինչ նշված կարճ ժամկետներում այդպիսի ծրագիր ներկայացնելու համար՝ նախ ոլորտի պատասխանատուներին, այնուհետև ավելի լայն քննարկմանը:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ: Խոսքը, բնավ, պետության միլիտարիզացիայի մասին չէ: Խոսքն այն մասին է, որ մենք որպես հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզ նետված է լուրջ մարտահրավեր: Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, բայց հաստատ ոչ հակառակորդի ընտրության, ոչ հակառակորդի տեսակի, ոչ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի: Մենք պետք է ուղղակի հասկանանք, թե ինչպես ենք մենք որպես ազգ ամրապնդվում:
Մենք պետք է ընդունենք այն իրականությունը, որում ապրում ենք: Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք: Պատմությունը ցույց է տալիս, որ բարդությունը հաճախ կոփում է, ավելի ուժեղացնում է, այն ամենը, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Մենք պետք է այդ տրամաբանությամբ կառուցենք մեր Զինված ուժերը, բանակ-հասարակություն կապը: Վստահ եմ, որ մենք անպայման հաջողելու ենք այդ ճանապարհին»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Փառք եմ տալիս Աստծուն, որ դուք այդ աշխարհընկալմամբ փոքրամասնություն եք
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան