Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը։
«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասել է Թաթուլ Հովհաննիսյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ: