Հուսով եմ, առաջիկա տարիներին դոնորների թիվը կավելանա. Սմբատ Դաղբաշյան
Երևանում այսօր մեկնարկեց «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային կոնֆերանսը: Այն կազմակերպել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը Արյան փոխներարկման միջազգային կոմիտեի (ISBT), Արյան փոխներարկման եվրոպական դպրոցի (ESTM) և Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի աջակցությամբ` նպատակ ունենալով բարելավել տրանսֆուզիոն բուժօգնությունը Հայաստանում և համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին:
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում» գիտաժողովը տրանսֆուզիոն ոլորտին նվիրված առաջին միջազգային ISBT կրթական միջոցառումն է: Գիտաժողովի շրջանակներում, ըստ նրա, Հայաստան են ժամանել Եվրոպայի և Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները, որոնք հանդես են եկել արյան բաղադրամասերի պատշաճ կիրառությանը, արյան ինֆեկցիոն անվտանգությանը, արյան դոնորների առողջության պահպանմանը և իմունաարյունաբանությանը վերաբերող թեմաներով:
Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ աշխարհում տրանսֆուզիոն բուժօգնությունը արագընթաց զարգանում է, ստեղծվում են արյան անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են փոխներկարկվող արյան որակը:
Հայաստանում տրանսֆուզիոն ծառայությունը նույնպես առողջապահության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: «Հայաստանը գտնվում է այնպիսի մի աշխարհաքաղաքական իրավիճակում, որ տրանսֆուզիոն բուժօգնությունը շատ կարևոր է մեր երկրի առողջապահության կազմակերպման համար: Այս առումով կարևոր է նմանատիպ կրթական միջոցառման անցկացումը, ոլորտի զարգացումների ծանոթացումը և փորձի փոխանակումն արտերկրի մասնագետների հետ»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:
Նա նշեց, որ Հայաստանում կա արյան հավաքագրման 21 կետ, արյան փոխներարկման բաժանմունքներ էլ կան մարզային 6 հիվանդանոցներում: «Այդ բաժանմունքները կարևոր նշանակություն ունեն, քանի որ մեր երկիրը պատերազմական վիճակում է և շատ ժամանակ սահմանում ունենում ենք վիրավորներ, ուստի ռեգիոնալ արյան բաժանմունքները կարևոր են մեզ համար»,- ասաց նա:
Սմբատ Դաղբաշյանի խոսքերով՝ Հայաստանի բնակչության միայն 0,3 տոկոսն են արյան դոնորներ, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրի արյան բաղադրամասերով ինքնապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկոսը դոնոր դառնա: «Տարեկան ունենում են 14.000 արյունատվություն, բայց մեր հաշվարկներով պետք է ունենանք շուրջ 25 հազար արյունատվություն, սակայն այդ արյունատվության թիվը բավական պակաս է»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը:
Նա նաև ասաց, որ Հայաստանը ամենացածր դոնորական արյուն հավաքագրող երկրների շարքում է, ուստի այս կոնֆերանսի նպատակն է այդ խնդիրները բարձրացնել, որպեսզի հասկանան, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվեն: «Հուսով եմ, որ առաջիկա տարիներին դոնորների թիվը կավելանա»,- նշեց նա:
Խոսելով խնդիրներից՝ Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ արյան 85 տոկոսը հավաքվում է Երևանում, դա նշանակում է, որ լուրջ վիրահատությունները կենտրոնացված են մայրաքաղաքում, դրա համար պետք է ուշադրություն դարձնել հաստկապես մարզային առողջապահության զարգացմանը:
Նշենք նաև, որ գիտաժողովի շրջանակներում Հյուսիսային Իռլանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Չեխիայից և Հոլանդիայից հրավիրված ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն դոնորական արյան օպտիմալ կիրառության, արյան որակի բարելավման և արյան փոխներարկման իմունոլոգիական ասպեկտների վերաբերյալ դասախոսություններ: