Շահագործումից դուրս է բերվում ոչ թե ատոմակայանը, այլ առաջին էներգաբլոկը. Վահրամ Պետրոսյան
ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով խոսք է գնում ոչ թե Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկի շահագործումից դուրս բերելու մասին: Այս մասին այսօր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը՝ հավելելով, որ այն այլևս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու:
Նա նշեց, որ տարվում են աշխատանքներ հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ. «Այսինքն՝ նախագծային ժամկետը լրացել է, հիմա միջազգային փորձի հիման վրա տարվում են աշխատանքներ, որպեսզի էնեգաբլոկի կյանքի տևողությունը երկարացվի»:
Վահրամ Պետրոսյանի խոսքով՝ այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը առայժմ երկարաձգել 10 տարով: Միջազգային փորձը, ըստ նրա, ցույց է տալիս, որ նման էներգաբլոկների կյանքի տևողությունը կարող է երկարացվել 30 տարով, ինչպես արվել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում:
Վահրամ Պետրոսյանը նշեց նաև, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող միջազգային չափանիշներին:
Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարն էլ հավելեց, որ այն երկրներում, որտեղ ատոմակայան է շահագործվում, դրա երկարաձգումը ստանդարտ գործընթաց է։ Օրինակ, ըստ նրա, ԱՄՆ-ում ռեակտորի կյանքի տևողությունը 40 տարի է, սակայն հնարավոր է այն երկարացնել ևս 20 տարով:
«Սլովակիայում ու Հայաստանում շահագործման ժամկետը 30 տարի է կազմում՝ հնարավորություն ունենալով ևս 10 տարով երկարաձգել, որից հետո կարել է ասել՝ հնարավո՞ր է շարունակել շահագործումը, թե ոչ: Այս գնահատումների ժամանակ ատոմակայանը որպես ամբողջական երևույթ է գնահատվում, և դրա անվտանգության հետ կապված բոլոր երևույթները մանրամասն զննվում են: Ատոմակայանի անվտանգության համար առաջնային է կոնտուրի խողովակաշարերի և փականների զննումը, որն արվում է 100 տոկոսով»,- ընդգծեց Միրոսլավ Լիպարը:
Նա նաև նշեց, որ ատոմակայանն ամեն տարի անցնում է անվտանգության վերանայման գործընթաց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին