Քաղշին. Մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն
Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են նաև ենթակառուցվածքները:
Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է:
Արցախի քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ, ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12 առանձնատնով: Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում են շինարարների հետ հավասար, որպեսզի օր առաջ ավարտեն աշխատանքները և Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ:
Բնակարանաշինությանը զուգահեռ, կատարվում է վթարային վիճակում գտնվող, դեռևս նախորդ պատերազմի ժամանակ ավերված բնակարանների, ավելորդ շենք-շինությունների քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները:
Որպես Արցախի ամենամեծ շինհրապարակ, այստեղ աշխատում են շուրջ 10 շինարարական կազմակերպություններ: Յուրաքանչյուրն իր ճակատում կատարում է իր աշխատանքը:
Թալիշում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել և անց է կացվել նոր կոյուղագիծ և ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններում: Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ:
Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են նախատեսվում. ,,Արցախուղի ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանք է իրականացնում: Նախագծով` ճանապարհի երկայնքով հենապատեր ու մայթեր կկառուցվեն, կտեղադրվեն նոր տեխնոլոգիայով արտադրված դեկորատիվ աղյուսներ, ամբողջությամբ կվերափոխվեն գյուղի արտաքին լուսավորության ցանցը և լուսամփոփները: Ի դեպ այս ուղղությամբ շինարարների հետ աշխատում են ,,Արցախէներգո ՓԲԸ-ի մասնագետները:
Գյուղի տարբեր հատվածներում շինարարական անցուդարձ է: Նշված աշխատանքներից բացի արդեն ավարտվում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան շինարարությունը և ընթացքում է մանկապարտեզի կառուցումը:
«Այսպես, մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն»,-նշում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշի նոր առանձնատները ավարտական փուլում են
- Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է
- Թալիշում մտադիր են վերացնել պատերազմի հետքը
- Արցախի դարպասը՝ Թալիշը, շենանալու է ու միշտ կանգուն է մնալու
- Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
- Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին