Ծառուկյանը կանխել է «Առինջ մոլի» վաճառականների բողոքի ակցիան ընդդեմ ՊԵԿ-ի. ՀԺ
«Առինջ մոլում» վաճառականների և հարկային ծառայության միջև տարաձայնությունների լուծմանը երեկ ներգրավվել է մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս հարկային աշխատակիցների հետ միասին հանդիպել է առևտրականների հետ։
Նա հաղորդել է, որ մոլ այցելող հարկային ծառայության աշխատակիցների հետ չվիճեն, փորձեն լեզու գտնել և հարցը լուծեն առանց ԱԺ-ի մոտ միտինգներ կազմակերպելու։ «Հարկայինի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Մեկ-երկու անճշտություն կար, խնդրեցի, որ հավաքվենք, միասին կարգավորենք։ Փաստաթղթերի ճշտումներ է, առանձնապես ոչ մի բան չկա։ Հիմա տեսեք, որ բոլորն էլ գոհ, շնորհակալ են։ Հարցը կկարգավորվի, կգնա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը։
Առևտրականների խոսքով՝ խնդիրն այն է, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում։ Մինչև վերջերս ապրանքները ներկրում էին այսպես կոչված «կարգոները», որոնք բացի ապրանքները տեղափոխելուց, նաև լուծում էին ապրանքները «կիլոյով» մաքսազերծման հարցը, ինչը բարդություններ էր առաջացնում հարկման տեսանկյունից։