Դատախազությունը դիմում է կոշտ միջոցների՝ հետախուզման ոլորտում առկա խնդիրները լուծելու համար
2000-2016 թթ. ընթացքում քննությունից խուսափող, ինչպես նաև հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված անձանց վիճակագրական ցուցանիշների վերլուծությունն արդեն ի հայտ են բերել հետախուզական աշխատանքների արդյունավետության, դրանցում առկա որոշակի բացթողումների օրինաչափություններ՝ այդ թվում նաև կապված այդ աշխատանքների կանոնակարգմանն առնչվող իրավակարգավորումների անհստակությունների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Աշխատանքային խումբը վեր է հանել հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների հետ կապված նախաքննական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բոլոր խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը:
Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն դեպքերը, երբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած լինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել, հետախուզական գործեր չեն կազմվել, քրեական գործերում բացակայել են հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին տվյալները, մինչդեռ հետաքննության մարմինների որոշումներով փաստացի անհիմն դադարեցվել են հետախուզումները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ հետախուզում իրականացնելու համար պարտադիր համարվող փաստաթղթերը քննիչների կողմից հետաքննության մարմնին չեն ուղարկվել, կամ թեև կազմվել են հետախուզական գործեր, սակայն դրանք չեն հաշվառվել հետախուզության ստորաբաժանման հաշվառման մատյանում:
Բացահայտվել են դեպքեր, երբ անձի վերաբերյալ տարբեր քրեական գործերով կազմված հետախուզական գործերով հանցանքներից միայն մեկով հետախուզումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում տվյալ անձի նկատմամբ ընդհանրապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները, հետախուզման մեջ գտնվող անձը փոխել է անձը հաստատող փաստաթղթերը և հեռացել երկրից կամ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց իսկ բնակավայրերում դարձել են նոր հանցագործություններից տուժողներ և հայտնաբերվել հիվանդանոցներում:
Երբեմն հետաքննության մարմնի կողմից չեն ստուգվել հետախուզվողների վերաբերյալ ՀՀ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալները՝ հետախուզվողների կողմից ՀՀ սահմանը հատելու հանգամանքը պարզելու համար: Մի շարք գործերով էլ անձինք շարունակել են մնալ հետախուզման մեջ այնպիսի արարքների համար, որոնք ապաքրեականացվել են, կամ հետախուզվողների մեղադրանքը չի համապատասխանեցվել գործող քրեական օրենսգրքին: Ավելին. պարզվել է նույնիսկ, որ մահացած անձը քրեական գործով անցնում է որպես հետախուզվող: Ի հայտ են բերվել նաև հետախուզվող անձանց անձնական տվյալների անհամապատասխանություններ, որի պայմաններում ևս անձինք փաստացի չեն փնտրվել:
Ըստ աղբյուրի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անընդունելի համարելով հայտնաբերված խախտումները, հանգամանորեն անդրադարձել է դրանց պատճառների վերլուծմանը, այդպիսիք վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տվել կոնկրետ հանձնարարականներ և շեշտադրել մեղավոր անձանց խիստ պատասխանատվությունն ապահովելու անհրաժեշտությունը:
ՀՀ գլխավոր դատախազը, բացահայտված խնդիրների մի մասը պայմանավորելով իրավական ընթացակարգերի անհստակություններով, իսկ մյուս մասը հետախուզական գործերով վարույթ իրականացնող մարմինների անբարեխղճությամբ, անպատասխանատու, անփույթ վերաբերմունքով, դատախազներին հանձնարարել է կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունն իրենց վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ, դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ակտիվ ներգրավվածություն ունենալ դրանցում:
Դատախազության կոլեգիայի քննարկումներից ելնելով՝ հանձնարարվել է նաև հնարավորինս արագ ձեռնարկել հետախուզման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված մի շարք կոշտ և խիստ միջոցներ: