«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:
Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է ևս մեկ անձ
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու փաստով քննվող քրգործով մեկ անձ ձերբակալվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենը հանձնարարել է անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել