Մագոմաևի համերգին Բաբաջանյանի անունը չհնչեցնելը համերգի կազմակերպիչների խղճին է մնում. ռուս գործիչ
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հավաստիացնում է, որ չի հետևել ռուսական առաջին ալիքով հոկտեմբերի 22-ին հեռարձակված Մուսլիմ Մագոմաևի 75-ամյակին նվիրված համերգին, որտեղ Առնո Բաբաջանյանի անունը, որպես երգերի հեղինակ, չի նշվել: Այս մասին նա ասաց այսօր կայացած Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Բանախոսը նկատեց, որ նման միջոցառումների ժամանակ կազուսներ հաճախ են պատահում. «Դա կարող է անգրագիտության հետևանք լինել: Ես հեռու եմ նրանից, որ դա չար մտադրություն է եղել, բայց չիմանալով պատմությունը, չիմանալով հարցերի էությունը ՝ դժվարանում եմ կոնկրետ բաներ ասել: Լինում են դեպքեր, երբ կեղծվում են որոշ բաներ»:
Ռուս գործիչը ընդգծեց՝ Առնո Բաբաջանյանի անունը չհնչեցնելը համերգի կազմակերպիչների խղճին է մնում. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացման շնորհիվ նրանք կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական մշակույթը, կճանաչնեն հայկական մշակույթը կատարողներին, արվեստը, գրականությունը»:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ ինքն անձամբ համերգը հեռուսատեսությամբ դիտել է. «Դա ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Հայաստանում: Իհարկե գաղտնիք չէ, որ Մուսլիմ Մագոմաևը Մուսլիմ Մագոմաև է դարձել նաև Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ»։
Նաև նշեց, որ եղածին վերաբերող նամակ է պատրաստվել և ուղարկվել Ռուսական առաջին ալիքի ղեկավարությանը և՛ Առնո Բաբաջանյանի հիմնադրամի ղեկավար Արային Բաբաջանյանի, և՛ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից:
Լուսիկ Ղուկասյանը շեշտեց, որ եղածը աննկատ չի մնացել, չնայած որ այն, ինչ տեղի է ունենում, արտասովոր է:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական հազարամյա հուսալի բարեկամությունը երբեք չի մթագնել. ռուս գործիչ
- ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերի շրջանակներում սպասվում է ՀՀ նախագահի այցը Ռուսաստան. Վարդան Տողանյան