2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
«2017թվականի տարեսկզբից սկսած ՀՀ-ում արձանագրվում է տնտեսական աճի բարձր մակարդակ, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի վերականգնմամբ և ներքին պահանջարկի շարունակական աճով»,- այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա տեղեկացմամբ՝ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 6 տոկոս տնտեսական աճ և ակնկալվում է, որ տարվա արդյունքում տնտեսական աճը զգալիորեն կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2017 թվականի պետբյուջեի հիմքում դրված 3,2 տոկոս ցուցանիշը։
«Գնահատվում է, որ 2017 թվականին պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, 2 տոկոսային կետով զիջելով 2016 թվականի պակասուրդի փաստացի մակարդակը»,- ասաց ԿԲ նախագահը։
Անդրադառնալով 2018 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծին, Ջավադյանն ասաց, որ կանխատեսվում է ՀՆԱ-ի 5,5 տոկոս իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։
«2018 թվականի տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես արտաքին զարգացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսական աճի վերականգնմամբ ու պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակների պահպանմամբ, այնպես էլ ներքին՝ ՀՀ-ում 2017 թվականին իրականացված մի շարք բարեփոխումների և դրամավարկային ընդլայնող քաղաքականության արդյունքում 2018 թվականին շարունակվող տոկոսադրույքների նվազման ազդեցությամբ։ Հատկանշական է, որ 2018 ներդրումային միջավայրի բարելավումն ուղեկցվելու է արտահանելի ճյուղերին ուղղված ներդրումների խթանման շարունակականության ապահովմամբ։ Տարվա համար կանխատեսվում է և պետական, և մասնավոր հատվածներում ներդրումային ակտիվության աճ, ընդ որում մասնավոր հատվածում նախատեսվում է ավելի մեծ ներդրումային ակտիվություն։ Ուղղորդվելով մակրոտնտեսական կայունության պահպանման սկզբունքներով, 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում, 2017-ին սպասվող 3,6 տոկոսի դիմաց՝ ապահովելով 2,7 տոկոսը։ Վերջինս կարևոր նախապայման է պետական պարտքի կայունացման և աստիճանական կրճատման համար»,- մանրամասնեց նա։
Արթուր Ջավադյանը հայտնեց, որ 2018 թվականին կշարունակվի հարկաբյուջետային կոնսոլիդացումը՝ եկամուտների չեզոք, իսկ ծախսերի զսպող ազդակի դրսևորմամբ. «Պետական բյուջեի եկամուտների մասով 2018 թվականի բյուջեի ծրագրերի շրջանակներում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ վարկային եկամուտների տեսակարար կշռի 2017 թվականի սպասվողի համեմատ ընդամենը 0,1 տոկոսային աճ, որի պարագայում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 21,3 տոկոս»։
Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերի կատարման գործընթացին, ԿԲ նախագահն ասաց, որ հաշվի առնելով պետբյուջեի պակասորդի շարունակական կրճատումը ՀՆԱ-ում, պետական ծախսերի նախատեսված նվազեցման իրականացումն առանց կապիտալ ծախսերի կարևոր գործոն է երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման և պարտքի կայունացման համար։
«Այսպիսով, գնահատվում է, որ 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, որի պարագայում 2018 թվականի տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա։ Այդ ամենը կզուգակցվեն հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի շարունակականության ապահովմամբ, կնպաստեն մակրոտնտեսական կայունությանը՝ հիմքեր ստեղծելով տնտեսական աճի համար երկարաժամկետ հատվածում»,- հավելեց Արթուր Ջավադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց հարց է ինչպե՞ս և ե՞րբ. ֆինանսների նախարար
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան