Մասնագետ. Դեռահասներն օրական պետք է ուտեն կես կգ միրգ ու բանջարեղեն
Հայաստանում դեռահասների շրջանում շատ են օգտագործում գազավորված ըմպելիքներ, դրա փոխարեն քիչ են օգտագործում օգտակար բանջարեղեն ու միրգ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան:
«Գոյություն ունի 5 խումբ սննդամթերք, որոնք երեխան պետք է օգտագործի ամեն օր՝ հացահատիկ, միս-մսամթերք, կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, քաղցրավենիքը, բայց շատ քիչ քանակությամբ»,-ասաց մասնագետը:
«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանի խոսքով, սխալ սննդակարգը կարող է հանգեցնել մի շարք քրոնիկ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, սիրտանոթային հիվանդությունների առաջացմանը:
«Սխալ սննդակարգն ու ֆիզիկական ցածր ակտիվությունը նպաստում են հաստ աղիքի, կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը»,-ասաց նա:
Եվա Մարտիրոսյանի խոսքով, դպրոցական ու դեռահասության տարիքում է ոսկորների ամրությունը ձևավորվում, սխալ սնունդը հետագայում կբերի բարդությունների:
«Բացի այդ, պետք է նկատել, որ ճարպակալումը նպաստում է նաև երեխաների ցածր ինքնագնահատականի ձևավորմանը: Երբեմն երեխաները դպրոցում ծիծաղի կամ հետպանդվելու առարկա են դառնում»,-ասաց նա:
Նա ծնողներին ու ընտանիքներին կոչ է անում փոքրուց երեխաներին սովորեցնել ճիշտ սննդակարգ՝ անպայման բանջարեղեն ու միրգ՝ օրական առնվազն 0.5 կգ, լոբազգիներ:
«Դատարկ կալորիաներով հարուստ արագ սնունդը, որը տարածված է շատ երկրներում, նպաստում է ճարպակալման զարգացմանը»,-ասաց նա:
Մասնագետների մտահոգություններն ու խորհուրդները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր
- Սննդագետ. Երեխաներին փոքրուց մի սովորեցրեք շաքարին
- Սննդաբանը համաձայն է միջազգային հետազոտության արդյունքների հետ՝ Հայաստանում մարդիկ անառողջ սնունդ են օգտագործում