Արցախը Թուրքիայի համար բաց վերք է, իսկ Հայոց ցեղասպանությունը բաց վերք չէ՞. Դավիթ Բաբայան
Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ իրենց համար արնահոսող վերք է, պետք է հասկանա՝ Թուրքիան իրավական և բարոյական որևէ հիմք չունի խառնվելու հակամարտության կարգավորմանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Թուրքիան, լինելով ցեղասպան պետություն, իրավունք չունի խոսել բաց վերքերի մասին։ Արցախն իր համար բաց վերք է, իսկ Հայոց ցեղասպանությունը, հույների, քրդերի, եզդիների, բուլղարների և ասորիների ցեղասպանությունները բաց վերք չե՞ն։ Այսպիսի մոտեցումը ֆաշիզմի, խտրականության գարշելի դրսևորում է։ Թուրքիան մի երկիր է, որը չի էլ թաքցնում իր քաղաքական հավակնությունները։
Չունենալով նման հայտարարարություններ անելու ոչ բարոյական, ոչ իրավական հիմքեր՝ այդ երկիրն ամեն դեպքում նման հայտարարություններ անում է։ Թուրքիան երբևիցե չի թաքցրել, որ ինքը Ադրբեջանի գլխավոր հովանավորն է։ Սա մի երկիր է, որը Ադրբեջանին աջակցել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ՝ այնտեղ ուղարկելով վարձկանների։ Սա մի երկիր է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Թուրքիայի այսօրինակ հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը պետք է զգոն լինի։ Նրա համոզմամբ, եթե տարածաշրջանում չլինեին զսպիչ ուժեր, Թուրքիան վաղուց ագրեսիա կդրսևորեր Հայաստանի ևԱրցախի դեմ, ինչպես որ դրսևորում է Սիրիայում և Իրաքում՝ քրդերի դեմ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալությանը, որտեղ անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան