Ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծելու առավել ակտիվ համագործակցության համար:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ համաձայնագրի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացված երկրներինը և այս առնչությամբ ընդգծել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական աջակցություն դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Իր ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ներկա բանակցային գործընթացին և նշել, որ այժմ բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի և ձևաչափի շրջանակում, ընդգծել է նաև հարցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտություններն ունեն եզակի բնույթ և պահանջում են տարբերակված մոտեցում:
Արևելյան գործընկերության ապագայի հետ կապված Արմեն Աշոտյանը կարևորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների և, միգուցե, նաև «Արևելյան գործընկերություն +» ձևաչափի ստեղծումը` նպատակ ունենալով Արևելյան գործընկերության երկրների առավել արդյունավետ համագործակցության համար միավորող նոր լուծումներ գտնել:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Գրիգորյան. ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը
- Հիմք չունեմ մտածելու, որ մինչ համաձայնագրի ստորագրումն իրավիճակը կտրուկ կփոխվի. քաղաքագետ
- ԱԳ փոխնախարարը տարօրինակ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին կանխատեսումները. «Առավոտ»
- Թանդիլյանը կոչ է անում աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին
- Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի. «Ժամանակ»
- Եվրախորհրդարանի պատգամավոր. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. «Ժողովուրդ»
- Մոսկվան այլևս չի ցանկանա խանգարել ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը «Առավոտ»