ԵԽԽՎ-ից հեռացվեցին նաև «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները
Ադրբեջանի կողմից Եվրոպայում մոտ 3 մլրդ դոլարի «լվացման» ու եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ բացահայտումներն ու դրանց հետևանքները շարունակվում են։
«Ադրբեջանական լվացքատան» փաստաթղթերում ներառված գերմանացի պատգամավոր և կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարին Շտրենցի շուրջ իր իսկ երկրում աղմուկը չի դադարում, ով Ադրբեջանից ստացել է 22,500 եվրո։ Գերմանական ԶԼՄ-ները շարունակում են հետաքննությունը պատգամավորի կաշառվելու վերաբերյալ։ Այս հետաքննության շրջանակներն ընդլայնվեցին ու բացահայտվեց, որ ոչ միայն Կարին Շտենցն է գումար ստացել Ադրբեջանից, այլ նաև Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։
Կարին Շտրենցը, ով Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում կրկին դարձավ Բունդեսթագի պատգամավոր, նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ աչքի էր ընկել, իհարկե, Ադրբեջանի պաշտպանությամբ։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Կարին Շտրենցին հեռացրել են ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակությունից․ նա չի ներկայացվի հունվարին հաստատվելիք նոր պատվիրակության կազմում։
ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության նկատմամբ ադրբեջանական ազդեցության վերաբերյալ ոչինչ չէր ասում նաև պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը։ Միայն պատգամավոր Ֆրենկ Շվեբեն էր, որ բարձրաձայնում էր կոռուպցիայի մասին ու բացահայտ մեղադրում Կարին Շտրենցին Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ։
Այս ողջ զարգացումները չշրջանցեցին նաև ժամանակին ԵԽԽՎ-ում Հայաստանի համազեկուցող Աքսել Ֆիշերին, ում՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու վերաբերյալ հստակ փաստեր չկան, սակայն ակնհայտ էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանին նրա աջակցող ելույթներն ու քվեարկությունները։ Որպես օրինակ հիշեցնենք միայն այն, որ Ֆիշերը, Կարին Շտրենցի ու Կերստեն Ռադոմսկու հետ միասին գերմանական 9 անդամ ունեցող պատվիրակության այն 3-ից մեկն էր, ով կողմ էր քվեարկել Ռոբերտ Ուոլտերի Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախագծին, որը, բարեբախտաբար, չընդունվեց։
Աքսել Ֆիշերը, ով ԵԽԽՎ-ում նաև ԵԺԿ խմբի նախագահն էր, զգուշորեն, բայց աջակցում էր անգամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ու ընդդիմանում ԵԽԽՎ-ում կոռուպցիայի արտաքին հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Ֆիշերը «պարտություն» կրեց ԵԽԽՎ-ում նաև վերջին նստաշրջանում, երբ չկարողացավ իր շուրջ համախմբել պատվիրակներին ու իր խմբի կողմից պաշտոնապես ներկայացված ԵԽԽՎ նախագահի թեկնածուն չընտրվեց։ Ստեղծված իրավիճակում Ֆիշերը ստիպված եղավ հրաժարական տալ ԵԺԿ խմբի նախագահի պաշտոնից։
Բունդեսթագը որոշել է, որ Կարին Շտրենցի հետ միասին ԵԽԽՎ պատվիրակության կազմում այլևս չի լինի նաև Աքսել Ֆիշերը․ ինչպես գրել է ssueddeutsche-ն, նրանց համար «գործունեության նոր ոլորտներ» են փնտրվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան