ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերի շրջանակներում սպասվում է ՀՀ նախագահի այցը Ռուսաստան. Վարդան Տողանյան
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին՝ Տրետյակովյան թանգարանից՝ հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացմամբ: Դրանից առաջ՝ նոյեմբերի 10-ին նախատեսված է մարշալ Բաղրամյանի կիսնդրու՝ Հաղթանակի թանգարանին նվիրաբերման արարողությունը: Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Ռուսատանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ հավելելով, որ Հայաստանի մշակույթի օրերը լայն ընդգրկում են ունենալու՝ Ռուսաստանի ամբողջ տարածքով, ներառելու են բազմաբնույթ միջոցառումներ:
«Միջոցառումները շատ են, դրանք կշարունակվեն մինչև դեկտեմբերի վերջ: Մշակութային միջոցառուներին զուգահեռ՝ տեղի կունենան կրթական-լուսավորչական միջոցառումներ: Վլադիկավկազում, օրինակ, տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային մրցաշար՝ դպրոցականների շրջանում: Սրանք մշակույթի սովորական օրեր չեն, այլ Հայաստանի օրեր, որոնց ընթացքում ամբողջ Ռուսաստանում կներկայացվեն հայկական մշակույթն ու ավանդույթները»,- նշեց դիվանագետը:
Վարդան Տողանյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումներին ներկա կլինեն հայկական պաշտոնական պատվիրակություններ: Սպասվում են ՀՀ նախագահի, Պաշտպանության նախարարի և ԱԺ նախագահի այցերը: ՀՀ նախագահը աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի նոյեմբերի 15-ին 16-ին: Միջոցառումներին ներկա կլինեն նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր:
Անդրադառնալով Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Սարգսյան-Պուտին հնարավոր հանդիպմանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ: Օրակարգի մասին դեռ վաղ է խոսել:
«Բայց օրակարգը բավական հագեցած է: Կքննարկվեն հարցեր տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներից: Հուսով եմ՝ օրակարգը չի փոխվի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան