Հայ-ռուսական հազարամյա հուսալի բարեկամությունը երբեք չի մթագնել. ռուս գործիչ
Հայ-ռուսական հազարամյա հուսալի բարեկամությունը երբեք չի մթագնել: Երկու ժողովուրդների միջմշակութային երկխոսությունը պատմական փորձ ունի: Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին Ռուսաստանում մեկնարկելիք ՀՀ մշակույթի օրերի միջոցառումներին:
«Ռուսաստանում Հայաստանի օրերը պետք է աննախադեպ օրեր լինեն: Այդ օրերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոչ թե մեկ-երկու ցուցահանդեսներ պետք է կազմակերպվեն, այլ միջոցառումներ պետք ծավալվեն ամբողջ Ռուսաստանի տարածքով: Եվ իրոք, միջոցառումներ տեղի կունենան ՌԴ բոլոր շրջաններում, որտեղ հայեր են բնակվում: Հայերը պատմականորեն կարևոր դերակատարություն են ունեցել Ռուսաստանի կյանքում: Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն է՝ ոչ միայն տնտեսության, այլև մշակութային կապերի առումով»,- նշեց բանախոսը:
Ասուլիսին ներկա Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն իր հերթին նկատեց, որ իրենք հաճույքով են միացել այս միջոցառմանը:
«Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվելու: Առաջիկայում ՌԴ բոլոր շրջաններում կանցկացվեն և այս օրերին էլ արդեն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված հայկական մշակույթի օրերին»,- ասաց նա: